03 08 2024

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս կալանավորելու համար. Ռոման Երիցյան

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս կալանավորելու համար. Ռոման Երիցյան

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ծեծի ենթարկված արցախցու եղբայրը՝ Ռոման Երիցյանը։

«Մինչեւ հիմա հույս էինք պահում, որ քննչական կոմիտեն չի դիմի դատարան եղբորս կալանավորելու միջնորդությամբ, բայց ապարդյուն: Քիչ առաջ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս կալանավորելու համար երկու ամսով: Հիմա ես եւ եղբայրս ունենք բոլորիդ աջակցության կարիքը՝ եւ արցախցիների եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների, այն  բանի համար, որ եղբայրս ենթարկվել է շատ դաժան ծեծի, ունի վնասվածքներ եւ այս վիճակում նրան տանում են կալանավորման, իսկ պարեկները գտնվում են ազատության մեջ»,- ասել է նա:

 

Հիշեցնենք. Օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու  կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին:

Օգոստոսի 2-ին Քննչական կոմիտեն կարճ տեսանյութ էր հրապարակել և գրել, թե Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով:

Ավելի ուշ Ռոման Երիցյանը անդրադարձել էր տարածված տեսանյութին և նշել, որ ՔԿ-ն խեղաթյուրում է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ