«Փաստինֆո»-ն գրում է․ Դատախազությունն աչք է փակում դատավորների նկատմամբ անուղղակի եւ ուղղակի ճնշումների վրա։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ով ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար միակ թեկնածուն էր, հայտնել է թեկնածությունից հրաժարվելու որոշման մասին։ Դատավորի հայտարարությունը, սակայն, նոր մտահոգությունների տեղիք է տվել՝ կապված դատական համակարգի նկատմամբ ճնշումներին հաղորդված նոր թափի հետ։
«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- նշել էր Վազգեն Ռշտունին ու ավելացրել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին։
Այս հայտարարությունն ինքնին պարունակում են ահազանգ, հաղորդում՝ դատավորների նկատմամբ անօրինական միջամտության, ճնշումների, ապօրինի ազդեցությունների մասին, ինչով պայմանավորված դատավորը ստիպված է եղել հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալու հավակնությունից։
Այս հրապարակումը ցանկացած նորմալ, ժողովրդավար պետությունում պետք է հանցագործության մասին հաղորդում դիտարկվեր իրավապահների կողմից, քննություն իրականացվեր, բայց՝ ոչ ՀՀ դեպքում, երբ սահմանադրորեն իշխանության երրորդ ճյուղ համարվող դատական իշխանությունը փորձ է արվում դարձնել գործադիր իշխանության կցորդ, ինչը, ցավոք, հաջողվում է։ Այն, որ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ն, որի կազմում տաքուկ տեղավորված են Անդրեասյանի հետ տարբեր կապեր ունեցող անձինք, այլևս գոյություն չունի որպես դատական համակարգի անկախության երաշխավոր մարմին, փոխարենը՝ դարձել է պատուհաս, մահակ՝ դատավորների գլխին, իսկ իրավապահները ոչ պակաս ճնշման գործիք են՝ հայտնի է թերևս վաղուց, բայց այն, որ իրավապահ մարմինները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական-գլխավոր դատախազի՝ գոնե առերևույթ՝ օբյեկտիվություն ցույց տալն անգամ հարկ չեն համարում՝ փաստվեց ևս մեկ անգամ։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք դատավոր Ռշտունու հայտարարությունը՝ դատավորի նկատմամբ առերևույթ ճնշումների մասին՝ ուսումնասիրվում է, ընթացք տրվել է արդյոք, թե՝ ոչ, սակայն իրավապահները որևէ պատասխան չտվեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Այսինքն՝ դատախազությունը կա՛մ չի տեսել դատավորի հայտարարությունն, ինչը բացառվում է, կա՛մ տեսել ու անգործություն է ցուցաբերում, կա՛մ չգիտեն ինչպես վարվել, քանզի ապօրինի ազդեցությունը դատավորի նկատմամբ առերևույթ է, բայց ցանկություն չունեն քննություն իրականացնելու, ստիպված՝ փորձում են ժամանակ շահել։ Սա հիմք է տալիս, որ դատախազությունը տեղյակ է եղել ճնշումներին մասին, բացառված չէ նաեւ մեղսակցություն է ունեցել, ուստիեւ մոռացել են սահմանադրական իրենց պարտականության մասին։
«Փաստինֆո»-ն հետևողական է լինելու, քանզի դատական համակարգում վերջին շրջանում իրադարձություններն առավել քան մտահոգիչ են։ Միայն մեկ ամսում չորս դատավոր, որոնք համարվում էին դատական համակարգում լավագույնները, հրաժարականի դիմումների հիման վրա լքել են համակարգը և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատճառը եղել է 2020թ․ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քննադատություններ պարունակող նամակագրությունը, որը «պատշաճ կարգով» հասցրել են իշխանություններին և, ըստ լուրերի, հասցնողը եղել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Իսկ երեկ արդեն դատավոր Վազգեն Ռշտունին հայտնեց, որ հրաժարվում է ԲԴԽ անդամ դառնալու հավակնությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը