Դատական դեպարտամենտը դատավորների վերաբերյալ գնահատականներ տալու մասով իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը։
«Իմ գնահատմամբ՝ դատական դեպարտամենտը գնահատականների մասով իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել։ Ես դա չեմ ասում եմ քրեաիրավական գնահատականի առումով։ Վերլուծություն, ամիս-ամսաթիվ եւ այլ փաստի արձանագրումը իրենց լիազորությունների մեջ որպես ամփոփում կարող է լինել, բայց այն, թե ում մեղքով է եղել, ինչ պատճառով է հետ ընկել եւ այլն, դա արդեն իրենց լիազորությունից դուրս է»,- արձագանքեց Մխիթար Պապոյանը։
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը հրապարակել է տեսանյութ հանրային հնչեղություն ունեցող 5 դատական գործերի մասին։ Դեպարտամենտը իրականացրել է ուսումնասիրություն այդ գործերի ձգձգման վերաբերյալ, նշել պատճառները եւ «մատնացույց» արել մեղավորներին։ Այդ տեսանյութը սկանդալի եւ բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել տարբեր շրջանակների մոտ, որից հետո ԲԴԽ-ն պարզաբանել է, թե իբրեւ Դատական դեպարտամենտն է այն պատրաստել եւ ինքը առնչություն չունի դրա հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը