«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Պարզվել է նաեւ, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաեւ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Արդյունքում Քննչական կոմիտեում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործը փակվելու է, քանի որ Դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք ՊՎԾ-ի, ինչպես նաեւ իրավապահների հետ «գործարքի են գնացել», թե իրենք հետ կտան թալանածը, իրենց չպատժեն, ու, ըստ էության, համաձայնությունը բոլոր կողմերի մեջ կա, ու քրեական գործը կկարճվի:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը