05 02 2024

Վերաքննիչ դատարանը՝ կաթնամթերքի մասին

Վերաքննիչ դատարանը՝ կաթնամթերքի մասին

Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.

  • «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ
  • Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․
  • Մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․
  • Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․
  • Վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․
  • Իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։

ՏՄՊՊՀ-ն հիշեցնում է, որ հիշատակված որոշմամբ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «թթվասեր» մակնշելն ու իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով ապրանքը չի հանդիսանում «թթվասեր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է 14 306 034 (տասնչորս միլիոն երեք հարյուր վեց հազար երեսունչորս) դրամի չափով տուգանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ