16 08 2019

Քոչարյանի և նախկին պաշտոնյաների քրեական գործը գտնվում է Վճռաբեկում. Կարեն Փոլադյան

Քոչարյանի և նախկին պաշտոնյաների քրեական գործը գտնվում է Վճռաբեկում. Կարեն Փոլադյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, որ այն մակագրվի որևէ դատավորի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Նկատենք, որ այս քրեական գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն էր, որի լիազորությունները մեկ այլ քրեական գործով կասեցված են։

Փոլադյանն ասաց, որ Գրիգորյանի վարույթում գտնվող 47 քրեական գործից 33-ը մակագրվել է այլ դատավորների, բայց Քոչարյանի ու մյուսների քրեական գործը դեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարան չի հասել և գտնվում է Վճռաբեկ դատարանում, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։

«Իմ տեղեկություններով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված պատրաստել գործից կամ այն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի այն մակագրվի դատավորի, որ բոլորի մտահոգությունները վերանան», - հայտարարեց Փոլադյանը։

Նրա ներկայացմամբ, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդ քրեական գործով բողոքի վերաբերյալ որոշում չկայացվի, առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել։ «Եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կամ դրա հավելավածը կուղարկվի Երևանի դատարան ու համապատասխան ընթացակարգը կիրականացվի», - ասաց Փոլադյանը։

Ընդհանուր առմամբ, անդրադառնալով դատարանի հասցեին ուղղված Քոչարյանի պաշտպանների հնչեցրած մեղադրանքներին՝ Փոլադյանն ասաց, որ դրանք արվում են «որոշակի շահերից ելնելով»։

«Ես որևէ ձգձում չեմ տեսնում, Քոչարյանին կալանքի տակ երկար պահելու մտադրություն, ձգձգում չկա», - ասաց դեպարտամենտի ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ