Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։
Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։
Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։
Կայքը Հակոբ Արշակյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։
««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանել է Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։
Հայկ Ցիրունյանը իր կարիերան՝ որպես քաղաքական գործիչ, սկսել է 2018 թվականին։ 2018-2020 թվականներին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Է եղել։ Իսկ 2020-ից՝ պատգամավոր, «Իմ քայլը» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Երկրորդ անգամ պատգամավոր է ընտրվել 2021-ի հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Մինչ քաղաքականությունը, նա զբաղվել է ծրագրավորմամբ՝ աշխատելով տարբեր ընկերություններում։
2023-ի մայիսի 29-ին Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես՝ հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի 50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ի դեկտեմբերին, այժմ, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա տվյալների, ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ տեղեկացրեցին, որ պաշտոնյան այս դեպքում նույնպես պետք է հայտարարագրի իր ներկայացվածությունը առևտրային ընկերություններում։ Այսպիսով, ընկերության գործունեության ժամանակավորապես դադարեցումը պատճառ չէ իր բաժնեմասը չհայտարարագրելու։ Ի տարբերություն Հայկ Ցիրունյանի, Արշակ Ասլանյանը իր՝ 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի 50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։
Հայկ Ցիրունյանին կայքը խնդրել է մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը։ «Տեղեկացնում եմ, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ում իմ 50% բաժնեմասը ժամանակավորապես դադարեցված կարգավիճակ ունի և որևիցէ գործողություն չի ծավալել։ Տվյալ տեղեկությունը ինձ համար նորություն էր, այդ իսկ պատճառով միջոցներ եմ ձեռնարկել ՊեԿ-ից բացատրություն ստանալու համար»,- պատասխանել է պատգամավորը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը