Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեմայով կլոր-սեղան քննարկման ընթացքում անդրադարձել են դատավորների անկախությանը, անկողմնակալությանը և բարեվարքությանն առնչվող հարցերի, ներակայացրել իրենց երկրների օրենսդրական և իրավակիրառ փորձը:
Քննարկմանը մասնակցել են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտել, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ:
Հիշեցնենք, որ օրերս սկանդալային ձայնագրություն ի հայտ եկավ, թե ինչպես է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը արդարադատությանը խոչընդոտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը