06 04 2021

Հակոբ Արշակյանը պաշտոնանկությունից առաջ 2-րդ զենքի ցուցահանդեսն էր «պրավալ» տվել

Հակոբ Արշակյանը պաշտոնանկությունից առաջ 2-րդ զենքի ցուցահանդեսն էր «պրավալ» տվել

Հակոբ Արշակյանը Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից իր պաշտոնանկությունից առաջ, պարզվում է,  ևս մեկ անգամ զինամթերքի ծանրակշիռ ցուցահանդես է «պրավալ» տվել, ընդ որում՝ խայտառակ պատճառներով: Խոսքը Երևանում նախատեսված «ArmHiTec-2021» սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի չեղակման մասին է, որը պիտի կայանար մարտի 25-27-ը ՝ Մարզահամեգային համալիրում:

Ընդգծենք,  «ArmHiTec-2021»   հայկական ցուցահանդեսը Կառավարության որոշումով  ամենամյա պլանավորված միջոցառումների շարքից է,  սակայն  պաշտպանության և անվտանգության աշխարհի  առանցքային արտադրողների լայն մասնակցությամբ նախատեսված ցուցահանդեսը այս անգամ չեղարկվել է բացման օրվանից ընդամենը  10 օր առաջ՝ շատերի համար խիստ անհասկանալի պատճառաբանությամբ: Ավելին՝ մինչ օրս բացակայում է  դրա չեղարկման իրավական հիմքերը, հրապարակային դարձնելու պահանջով քանիցս դիմել ենք Կառավարություն և ԲՏԱ, բայց խուսափում են:

Պարզվում է՝ կորոնավիրուսից վախի  մոտիվը կեղծ է, չնայած կազմակերպիչները ցուցահանդեսային հրապարակում (ՄՀՀ) երաշխավորել էին հյուրերի առողջության և անվտանգության պաշտպանության համապարփակ միջոցառումներ իրականցնել, և դրա համար ծախսեր էին դուրս գրվել:

Ցուցահանդեսի այլազգի մասնակիցները վերջին պահին են տեղեկացվել չեղարկման մասին,  և սա այն դեպքում, երբ  դրանից տասն օր առաջ՝ մարտի 2-ին, ԲՏԱ նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանի նախագահությամբ անցկացվել է «ArmHiTec-2021» միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական ​​աշխատանքների մանրակրկիտ քննարկում, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գովազդային և ցուցահանդեսային գործունեության գլխավոր օպերատոր Սերգեյ Մարիչևը:

«ArmHiTec-2021»  զենքի հայկական ցուցահանդեսի չեղարկումը ոլորտի մասնագետների գնահատումով՝ երկրորդ  մեծ հարվածն է հասցրել Հայաստանի իմիջին՝  Աբու Դաբիի IDEX-ում բուկլետների սկանդալային ցուցահանդեսից հետո։

Մի կողմ թողնենք առնվազն 100-120 մլն դրամ արժեցող բյուջեն, որի ծախսերի մասին ԲՏԱ նախարարությունիվ համառորեն տեղեկատվություն չտրվեց Yerevan.Today-ին:

Հիմա ուշագրավը՝ միջոցառման տերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, բայց Նիկոլ Փաշինյանը  հարկ չի համարել դրա չեղարկման մասին Կառավարության 2-րդ որոշումը ընդունել: Միտումնավո՞ր է խուսափել Փաշինյանը, թե անփութորեն, պարզ չէ, բայց հայտնի փաստ է, որ տապալած  իրավիճակից փախուստի են դիմել  ցուցահանդեսի գլխավոր երկու կազմակերպիչ գերատեսչությունները՝ ի դեմս Պաշտպանության նախարարության և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության՝ այդ օրերի համակարգող նախարար Հակոբ Արշակյանի:

Փոխարենը որոշվել է «դլյա գալոչկի»՝ Հակոբ Արշակյանի անունից հետաձգման մասին խիստ երկրորդային աղբյուրի միջոցով մի  գրություն տարածել՝ առ այն, որ «ArmHiTec-2021» սպառազինությունների ցուցահանդեսը հետաձգվում է ևս 1 տարով՝  «ԿՈՐՈՆԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ», այսքան բան։

Հատկանշական է, որ COVID 19 համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների է հղում արվել այն օրերին, երբ վարչապետ փաշինյանը մարզային ակտիվ հանդիպումներ է կազմակերպել,  և նույն օրերին Երևանում լայնամասշտաբ մեկ այլ  EXPO  է անցկացվել, իսկ կորոնավիրուսով պայմանավորած՝ ռեժիմի խստացումներ առհասարակ չկան:

Ուշագրավ է չեղարկման համար իրավական գրագրության բացակայությունը․ Կառավարության որոշումը չեղարկվել է վարչապետից ցածր ռանգի պաշտոնյայի, այն է՝ ԲՏԱ նախարարի անունից՝ առանց  իրավական հիմքերն ապահովելու:

Իսկ սա նշանակում է՝ ԲՏԱ նախարարը  լիազորությունների խախտումով է որոշել հետաձգել ցուցահանդեսը, ինչը  ենթադրում է պատասխանատվություն կրել: Այդուհանդերձ դիմեցինք ԲՏԱ նախարարություն, պարզելու՝ ո՞րն է «ArmHiTec-2021» -ի չեղարկման իրավական հիմքը, իրական դրդապատճառը, ինչու՞ է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանն իրեն իրավունք վերապահել Կառավարության որոշումը չեղարկել բանավոր պայամանավորվածություններով և ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չկա որևէ գերատեսչության կողմից:

Այս բոլոր հարցերի վերաբերյալ ԲՏԱ նախարարությունից  Yerevan.Today-ին  պարզաբանում չտրվեց: Սկզբում խոսնակը գրավոր հարցերը ֆիքսեց, ապա մեկ օր անց միջնորդավորված կապով խնդրեց ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և չեղարկված ցուցահանդեսի  մանրամասները ճշտել ռուսական BIZON մասնավոր ընկերությունից, որն այս դեպքում  ոչ ավելին է, քան ընդամենը տաղավարներ տեղադրող և զուտ տեխնիկական մասի պատասխանատու ծառայություն մատուցող ընկերություն։ Այսքան բան:

Իսկ ի՞նչ է եղել իրականում...

Yerevan.Today-ին  ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել  սպառազինությունների «ArmHiTec-2021»  չկայացած ցուցահանդեսից, դրանք հուշում են՝ իրականում այն տապալելու և ոչ թե չեղարկելու կեղծ մոտիվի մասին:

Ընդգծենք, ռազմարդյունաբերական վերջին սերնդի «ArmHiTec» ցուցահանդեսը ՀՀ Կառավարությն ամենամյա պարտադիր միջոցառումների ցանկից է, որին նախկինում մասնակցել են 30-40 երկրներ՝ իրենց ավելի քան 60 զենք արտադրող ընկերությունների դեմքով: Այս անգամ էլ, պարզվում է, բավականին ներկայացուցչական հայտեր են ընդունվել ի սկզբանե, բայց դրանց մեծ մասը ինչ որ պահից հերթով չեղարկվել են, ինչպես աղբյուրն է մանրամասնում՝ Աբու Դաբիի IDEX – հեղինակավոր ցուցահանդեսին զենքի փոխարեն բուկլետներով մեր մասնակցության սկանդալից հետո։ 

Ի դեպ, 20 երկրից պատվիրակություն պետք է ժամաներ Երևան՝ «ArmHiTec-2021» եռօրյա ցուցահանդեսին մասնակցության նպատակով,  բայց աղբյուրի պնդմամբ՝ դրանք ևս վերանայվել են  վերջին պահին ու սետղծված իրավիճակում ՀՀ կառավարությանը պարտադրված գնացել է  տապալած միջոցառումը հետաձգելու որոշման՝ ևս մեկ տարով:

Հիշեցնենք, անցած տարի  նույն ցուցահանդեսը դարձյալ չկայացավ, պատճառը իրականում կորոնավարակի բռնկումն էր Հայստանում ՝ ու դրանով պայմանավորված բոլոր երկրներում հայտարարված կարանտինային սահմանաափակումները:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ