21 07 2020

Ի՞նչ եղավ 26.500 դրամները զինվորականներից ետ վերցնելու պատմության վերջը

Ի՞նչ եղավ 26.500 դրամները զինվորականներից ետ վերցնելու պատմության վերջը

 

Բանակի կարգապահությունն ու որակը տռուսիկ-մայկայի պրիզմայով հաճախ չափող Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշում ծավալվող իրադարձությունների ֆոնին, ճիշտ է, էականորեն փոխել է զինուժի մասին ընտրված բառապաշարն ու հռետորիկան, բայց զինվորականների ընտանիքներում դեռևս քննարկվում է 26 հազար 500 դրամները իրենցից  հետ գանձելու մասին Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած բուռն էլույթը։  

Խոսքը Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու Կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին է, որից օգտվել էին նաև ուժային կառույցների ծառայողները՝ չլինելով ծրագրի շահառու (0-18 տարեկան երեխայի միանվագ աջակցություն՝ 26 500 դրամ):

Իսկ խնդիրը զուտ տեխնիկական է եղել, պարզապես ծրագրի պատասխանատուները իրենց անփորձության և անփութության պատճառով սխալներ են արել, ու դա, փաստորեն, կոտրվում է զինծառայողների ու ոստիկանների գլխին:

Հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը դատապարտում զինվորականներին ու «ամաչում նրանց արարքի համար», իսկ ծառայողի արարքն ընդամենը այն էր, որ կորոնավիրուսային շրջանում հայտարարված սոցաջակցության ծրագրերից մեկին դիմել էին զինվորականների ընտանիքիներ՝ 26,500 դրամ միանվնագ աջակցության համար ու չէին մերժվել: Սա ցնցել էր վարչապետին այն աստիճան, որ մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանի գոռալով դիմեց զինված ուժերի ու իրավապահների «կարգազանց» սպաներին.

«Շատ ցավալի փաստ է, այդ միջոցները այլ կատեգորիայի համար էին նախատեսված: Եվ հիմա գիտեմ, կողքից կասեն՝ դե լավ ոչինիչ, տարել-տարել են... Ո՛չ, ոչինչ չի, տարել եք, ծախսել եք, ուրեմն ձեր աշխատավարձից կբերեք մինչև վերջին կոպեկը հետ կտաք, պիտի վերադարձվեն էդ գոմարները: Եվ ավելին, պետք է ծառայողական քննություն իրականացնել պարզելու, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Մենք գաղտնի ծառայություն իրականացնողներին պետք է ասենք, վերադարձրեք այդ գումարները, որովհետև դրանք ձեր գումարները չեն»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ նեղսրտելով պատգամավորի հարցադրումից, որ ոչ թե իրադրությանը համակերպվելու կոչի տեսանկյունից պետք էր հարցը տալ, այլ պետք էր ասել՝ ե՞րբ եք օր առաջ էդ գումարները վերադարձնելու ծառայողներից։ 

Վարչապետի այս ելույթին բավական կոշտ արձագանքներ հետևեցին հանրային տարբեր շրջանակներից: Խորհրդարանական երկրորդ մեծ ուժի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ի՝ կառավարության հրաժարականի պահանջի մասին իր ելույթում հատուկ ձևով ընդգծեց թեման ու ամոթալի համարեց իշխանության մոտեցումը:

«Սահմանապահին աջակցություն տալը ու նրանից հետ վերցնելը ամոթ էր: Էղածը սաղ-սաղ եղել ա 26․500 դրամ, բաժանել են փրկարարին, սահմանը պահողին ու ոստիկանին,  հետո հասկացել են, սխալ են արել, անմիջապես հետ են հավաքել: Բայց դա միլիոնների թեմա չէր, էդ գումարով սահմանապահը սաղ սաղ գազի ու հոսանքի մի անգամվա վարձ պիտի մուծեր»,- ասել էր Ծառուկյանը:

Այո, ուժայինների փոքրաթիվ ծառայողներ ապատեղեկատվության արդյունքում դարձել էին 9-րդ ծրագրի շահառու, որովհետև հաստատվել էր նրանց դիմումները, գումարները ստացել էին, ծախսել, իսկ  հետո կանգնել էին փաստի առաջ:  Գրություններ էին ստացել, որով պահանջվում էր ետ վերադարձնել ստացածը:

Ընդ որում, զավեշտալի էր այն, որ հետգանձման մեխանիզմ, որպես այդպիսին չկար, անկանխիկ եղանակով աշխատավարձից պահում անելու հնարավորության չկա, օրենքը թույլ չի տալիս, իսկ ֆինանսների նախարարությունը, պարզվում է, վարչապետի ելույթից հետո մատը մատին չի տվել՝ չարչրկված 26.500-երը զինվորականներից հետ գանձելու մեխանիզմ մշակելու համար:

Ի դեպ, այս մասին Yerevan․Today-ին ուղղված գրությամբ պաշտոնապես հաստատել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ընդգծելով, որ մայիսի 6-ից հետո ուժային կառույցներում նշանակված ծառայողական քննություններին ու դրանց արդյունքում ետ վերադարձված գումարների մասին տեղեկատվությանը չի տիրապետում, քանի որ ծրագրի իրականացման կարգով՝ գումարի հետգանձման մեխանիզմ նախատեսված չէ»:

Իսկ ինչ է եղել իրականում…

Բանն այն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարաններում առկա չէ ուժային կառուցների ծառայողների առանձնացված բազան, այդ տեղեկատվությունը փակ է 2014-ից՝ սկսած՝ կառավարության որոշմամբ, հատուկ ծառայողների բանակի, պայմանագրային զինծառայողների քանակի ու նրանց վարձատրության մասին ինֆորմացիան  հասանելի է  բացառապես Պետական եկամուտների կոմիտեին, հետևապես ՊԵԿ-ից պետք է տեղեկատվությունը տրվեր Սոցապին՝ դիմումատուներին զտելու համար, ինչը փաստացի չի արվել:

Ահա այստեղից առաջացել է քաոտիկ վիճակը:

Ի դեպ, այդ ծառայողների թիվն ամենևին էլ մեծ չէ, խոսվում է առնվազն 14 հազարի մասին, այսինքն՝ 14 000 ընտանիքի հայտ պիտի վերանայվի՝ առնվազն 1-3 երեխայի ստացած գումար պետք է հետ գանձվի:

Իսկ դա նշանակում է, որ պետական գանձարանից ոչ հասցեական դուրս եկած գումարի չափը  չի կարող գերազանցել 470-500 մլն դրամը (26.500 x 14 000 ծառայող x 1ից մինչև 3 երեխա):

Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը բողոքում է ընդամենը կես միլիարդ դրամի շեղումի մասին, և սա այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը միայն մեկ տարում պարգևավճարների տեսքով բյուջեի հաշվին բառացիորեն վատնել է 1 միլիարդ 470 միլիոն 700 հազար դրամ:

 

Վարչապետը վստահորեն գիտի դրա մասին, գիտի նաև, որ այդ 26.500 դրամները ընդամենը մեկ անգամ են մտել սահմանը պահող զինվորականի ընտանիք, ոստիկանի տուն, բայց դա ծածուկ չմնաց, վարչապետը այդ «ապօրինությունից» վրդովված՝ ԱԺ ամբիոնից անմիջապես նյարդային տոնով  հայտարարություն արեց, հրահանգեց՝ ետ վերադարձնել փողերը, սպառնաց ծառայողական քննություն նշանակել:

Ի՞նչ խոսք՝ Փաշինյանին մտահոգած 500 մլն դրամ «վատնումը» շատ ավելի քիչ է՝ քան 2019 թվականի ՀՀ ֆինանսների նախարարության պարգատրումների ֆոնդը՝ 356 միլիոն դրամ, քաղծառայողների ու պետ ծառայողների պարգևատրումների տարեկան ֆոնդը՝ 524 միլիոն, ՊԵԿ-ինը՝ 2 միլիարդ 330 հազար դրամ:

Մայիսի 6-ին վարչապետի բուռն ելույթից հետո վստահաբար շատերը կշեռքի նժարին դրեցին այդ 500 մլն դրամը՝ պետական կառավարման համակարգի շռայլ ծախսերի հետ.

Օրինակ՝ բանակի համար գնված գարնանային ելակի, վարչապետի դստեր՝ Մարիամի անվտանգության համար պետական միջոցների հաշվին գնված ջիփ մակնիշի ավտոմեքենայի հետ, կամ վարչապետի տիկնոջ վարսավիրի վրա ծախսված գումարների, անպտուղ ամերիկյան այցի համար չարթերային չվերթ կազմակերպելու համար, որի միայն մի ուղղությունը բյուջեյի վրա արժեցել է 330 հազար դոլար, սրանց կարելի է գումարել տան վերանորոգումը, նոր զրահապատ մեքենաների պարկը և այլն։

Հաջորդիվ կանդրադառնանք այս ամբողջ պատմության բոլոր կողմերի տրամադրած տեղեկատվությանը:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ