04 04 2019

Պարգևատրման ֆոնդը բավարար չէ․ ՊԵԿ-ին լրացուցիչ գումար տրվեց

Պարգևատրման ֆոնդը բավարար չէ․ ՊԵԿ-ին լրացուցիչ գումար տրվեց

Կառավարության աապրիլի 4-ի նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնելու որոշմանը դեմ քվեարկեցին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, սակայն այդուհանդերձ որոշումն ընդունվեց:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ, ինչը բավարար չէ:

Վարչապետի խոսքով` որպեսզի պետական ծառայողների վարկանիշը բարձր լինի, պետք է այն գրավիչ դարձնել: Նա օրինակ բերեց. «Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց վարչապետը, իսկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրը. «Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, ՊԵԿ-ը 2018 թվականին ունեցել է երկու անգամ ավելի բարձր հնարավորություն, քան հիմա է բյուջեով նախատեսված: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։

Վարչապետն ասաց. «Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում` չես կանգնեցնի»: Այսպիսով հարցը քվեարկության դրվեց և Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը դեմ քվեարկեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ