«Գույք պարտքի դիմաց» ծրագիրը
«Գույք պարտքի դիմաց» անվանումը ստացած գործարքը, որ կնքվեց 2002 թ․-ի նոյեմբերի 5-ին, տարիներ ի վեր ներկայացվում է ծայրաստիճան բացասական լույսի ներքո՝ «ինչ ունեինք՝ տվեցինք ռուսներին» ֆորմատով։ Քննարկումներն այդպես էլ չեն անդրադառնում հարցին՝ ի՞նչ էին ձեռնարկությունները և ինչ դարձան, ի՞նչ խնդիր իրականում լուծվեց այդ ձեռնարկությունների վաճառքով, Հայաստանը, խոշոր հաշվով, օգտվե՞ց, թե՝ հակառակը։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ ձեռնարկությունները հանվել են Հայաստանից և տարվել Ռուսաստան, աշխատում են նրանցում միայն ռուսներ, իսկ Հայաստանը որևէ օգուտ չի ստացել։
Կարծում ենք՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրի շուրջ հիշողությունների վերականգնման և տեղեկատվական մեծ պակասը լրացնելու չափազանց մեծ կարիք կա։ Ուստի երեք մասից բաղկացած հոդվածաշարով կներկայացնենք, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում ծրագիրը, ո՞ր հիմնարկները տրվեցին ռուսական կողմին, ինչպիսի՞ն էին այդ հիմնարկներն այն ժամանակ, ինչ դարձան հետագայում։
Ռուսաստանին հանձնված գույքը
Հայաստանի Հանրապետությունը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով մարեց Ռուսաստանի Դաշնությանն ունեցած պետական պարտքը։ Պարտքն առաջացել էր 1990-ական թվականներին։
Շուրջ 98 մլն դոլար պարտքի դիմաց հինգ ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երևանի նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները դարձան Ռուսաստանի Դաշնության սեփականություն։ Գործարքը մի կողմից նպատակ ուներ ձերբազատվել Հայաստանի Հանրապետության կուտակած պարտքային բեռից, մյուս կողմից՝ հնարավորություններ էր ստեղծում Հայաստան ներդրումներ ներգրավել։ Ռուսական կողմում հենց նման անուն էլ ստացավ գործարքը՝ «Գույք ներդրման դիմաց»։ Սակայն մինչ գործարքի և ռուսական կողմին փոխանցված ձեռնարկությունների հետագա ճակատագրին անդրադառնալը, ներկայացնենք, թե ինչպես է առաջացել այս պարտքը։
«Մարս» գործարանը՝ այժմ
Ռուսաստանին մոտ 100 մլն դոլար պարտքի առաջացումը
1990-ականների ծանր-սոցիալ տնտեսական իրավիճակում Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունները, չկարողանալով խնդիրների լուծման այլ տարբերակներ իրականացնել, քան միջազգային ֆինանսական պարտավորությունների տակ ընկնելը, հենց այդ մեթոդին էլ դիիմեցին։ Ռուսաստանի Դաշնությունից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցրեցին վարկեր։
Ռուսաստանի Դաշնության հանդեպ ունեցած պետական պարտքն առաջացել է 1992-93 թվականներից։ Ռուբլով վերցված տեխնիկական վարկի վերաձեւակերպված պարտքը կազմել է 22 մլրդ ռուբլի։ Համաձայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկանքի, դա կազմում է 45,1 մլն դոլար։ Այսինքն, կարճ ժամանակ առաջ անկախություն ստացած երկիրն արդեն ապավինեց արտաքին պարտքի ներգրավմանը։
Դա, սակայն, միակ պարտքը չէր, որ ներգրավվել է․ 1993-1994 թվականներին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից վերցրել է ևս 100 մլրդ ռուբլի պարտք։ Դարձյալ ըստ նույն աղբյուրի, այդ գումարից 39,9 մլրդ ռուբլին կամ 27,1 մլն դոլարը տրամադրվել է 1993-ին, իսկ 60,5 մլրդ ռուբլին կամ 14,3 մլն դոլարը՝ 1994-ին։
Արդյունքում, 1992-1994-ին Հայաստանի Հանրապետության պարտքը Ռուսաստանի Դաշնությանը կազմել է 122 մլրդ ռուբլի կամ 86,5 մլն դոլար։
Այսինքն, վերոնշյալ 98 մլն դոլարի պարտքը հիմնականում կուտակվել է այդ տարիներին։
Վերադարձի խնդիր և բանակցություններ
2000-ականների սկզբին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նոր իշխանությունը կանգնել էր այդ պարտքը մարելու պարտավորության առջև։ Ռուսաստանին ունեցած մեր պետական պարտքի մարման բանակցությունների արդյունքում կողմերը հանգեցին «Գույք պարտքի դիմաց» տարբերակին։ Այս առնչությամբ, դեռ 2001-ի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում նշեց, որ խնդիրն անգամ պարտքերի մարման մեջ չէ, այլ, որ ռուսական կապիտալը ներգրավվի Հայաստանի տնտեսությունում։ Այլ խոսքերով, այդ գործարքը, փաստացի, պարտքի դիմաց ռուսական կողմին փոխանցված ձեռնարկություններում ներդումներ ներգրավելու ծրագիր էր։
Հրազդան ՋԷԿ
Վլադիմիր Պուտինի խոսքերը հաստատող արտահայտություններով հետագայում հանդես եկան նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, այդ ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը հայտարարեց, որ այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում 100 մլն դոլարով աճել են՝ գործարքը գնահատելով որպես փոխշահավետ:
Ներդրում՝ պարտքի դիմաց․ հիմնարկների ճակատագիրը
«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրում նշվում էր, որ ռուսական կողմը ապահովելու է իրեն փոխանցված ձեռնարկությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կատարելու է ներդրումներ: Գործնական քայլեր այդ ուղղությամբ սկսվեցին իրականացվել ավելի ուշ։ Սակայն «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի առաջին և կարեւոր արդյունքն այն էր, որ մինչ ռուսական կողմին փոխանցված ձեռնարկությունների գործարկումը, դրանք պահպանեցին իրենց հզորությունները և զերծ մնացին 90-ականներին փլուզված, սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառված հայկական արդյունաբերական գիգանտների («Պոլիվինիլացետատ», «Դողագործ», «Հայէլեկտրամեքենա» և այլն) և հարյուրավոր այլ ձեռնարկությունների ճակատագրից։
Ի՞նչ էր կատարվում այն ժամանակ, շատերը գիտեն, «պետությունը վատ կառավարիչ է» անվան տակ գործարանները հանձնում էին մասնավորին, որը հենց պետական դիրքեր զբաղեցնողներն էին կամ նրանց «մոտ գտնվող անձինք», որոնց առաջ որևէ պայման չէր դրվում գործարանն աշխատեցնելու վերաբերյալ։ Նրանք էլ մաս-մաս վաճառում էին։ Կային ընկերություններ էլ, որոնք թեև զարգացան, բայց միևնույն է՝ իրական արժեքից մի քանի անգամ ավելի էժան գնով մասնավորեցվեցին, ինչպես, օրինակ, ԱՐԱՐԱՏ գինում, օղու կոմբինատը։
Հետագայում ռուսական կողմին հանձնված գույքի գիտահետազոտական ինստիտուտները՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն եւ «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն միավորվեցին եւ այժմ հանդես են գալիս «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ անվանմամբ: 2014 թ․-ին վերջինիս շրջանառությունը, ըստ այդ ժամանակ ընկերության տնօրեն Արսեն Թառոյանի կողմից լրատվամիջոցներին հայտնած տեղեկատվության, շուրջ 1 մլրդ դրամ էր, 3 մլն դոլարից ավելի էլ ներդրումներ էին կատարվել։
Այդուհանդերձ, հիշյալ ձեռնարկությունների ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով 2013-ի հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ)՝ բարձր տեխնոլոգիական եւ նորարարական արտադրությունների կազմակերպման նպատակով։ ԱՏԳ կազմակերպիչ ճանաչվեց «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը:
«Մարս» գործարանը՝ այժմ
Անցած տարիներին վերոնշյալ ազատ տնտեսական գոտում գործունեություն են սկսել և այժմ իրականացնում «Լեդ» լամպերի արտադրությունը, «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը՝ հայկական ArmTab պլանշետների եւ սմարթֆոնների արտադրողը և մի շարք այլ ընկերություններ:
Վերջին տարիներին գրեթե բոլոր առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները կազմակերպվում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ»-ի /Մերգելյան ինստիտուտ/՝ այդ նպատակով առանձնացված տարածքում։ Մինչ այդ Հայաստանում չկար էքսպոների կազմակերպման մասնագիտացված տարածք։
Մերգելյան ինստիտուտ
Այս ամբողջ աշխատանքը, բնականաբար, իրենից ներկայացնում է հսկայածավալ ներդրումներ, աշխատատեղեր և պետական բյուջեի սնուցում՝ հարկերի տեսքով։ Դրանք չէին լինի, եթե այս հիմնարկները ևս արժանանային մի շարք այլ գործարանների ճակատագրին, որոնք 90-ին գրպանվեցին կոպեկներով և այժմ պատերն անգամ չեն մնացել կամ մնացել են միայն պատերը։
Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել «Գույք պարտքի դիմաց» ծրագրի ձեռնարկություններին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, պետական եկամուտների կոմիտեին՝ տեղեկանալու համար, թե որքա՞ն ներդրումներ են կատարվել այդ ձեռնարկություններում, քա՞նի աշխատատեղ է ստեղծվել և որքա՞ն հարկ է վճարվել պետական բյուջե։ Պատասխանները ստանալուն պես դրանք կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման մեջ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը