«Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կապված: Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր»,- այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Կոտայքի երկու բնակիչների մոլորվելու ու ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք անցնելու դեպքին:
Դիտարկմանն էլ, թե վստա՞հ է, որ քաղաքացիները մոլորվել են, Մելքոնյանն արձագանքեց, թե պաշտոնական հաղորդագրության մասին է խոսում:
«Ես այնտեղ չեմ եղել, որ տեսնեմ՝ այդ մարդիկ գնացին, թե իրենց հրեցին, տարան: Պաշտոնական ասում են՝ մոլորված են: Եթե իրենք հետ են եկել, պետք է ասեն՝ մեզ գողացել են, առևանգել են: Թող ասեն: Հիմա կան, չէ՞, այդ մարդիկ, կենդանի են, թող ասեն, որ իրենց առևանգել են»,-ասաց իշխանության ներկայացուցիչը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ իրանական պետհամարանիշներով մեքենաների վարորդներից գումար պահանջելու դեպքերին, նշեց.
«Էդ «շուխուռը», որ բարձրացել է, որ պարսիկներից փող են հավաքում, արդեն պարսիկների խնդիրն է, որ իրենք կարողանան միջամտել: Դա էլ լուծելի հարց է, այնպես չէ, որ չի լուծվի»,- ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհի կառուցմանն ու հարցին՝ հնարավո՞ր է՝ պատճառը նաև այն է, որ Գորիս-Կապան ճանապարհի հարցում հաջողություններ չգրանցվեն, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Դրանք էդ «բուդկան» դրել են, թող նստեն դրա մեջ, ինչքան կարող են: Մենք մեզ համար այլընտրանքային ճանապարհ պե՞տք է կառուցենք, թե՞ ոչ: Շատ լավ է, որ կառուցվում է ճանապարհը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը նրան հանդիպման առաջարկ է արել ու հարցին՝ կա՞ արդյոք հիմք Թուրքիյաի հետ հարաբերություններ սկսելու, Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Ես մի բան գիտեմ՝ չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ: Բարեկամներն էլ, թշնամիներն էլ կարող են փոխվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը