02 05 2020

Կորոնավիրուսի հայաստանյան տագնապալի վիճակագրությունը

Կորոնավիրուսի հայաստանյան տագնապալի վիճակագրությունը

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները մայիսի 4-ից կչեղարկվեն։ Թեպետ արտակարգ դրությունն ավարտվում է մայիսի 14-ին, այնուամենայնիվ, կարելի է ասել, կարանտինն ավարտվում է, և երկրում գործունեության բազմաթիվ տեսակներ կվերադառնանան իրենց բնականոն կյանքին։ 

Տեսնենք, թե ինչպիսինն էր պատկերը ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու օրվանից։ Մարտի 16-ից կար հաստատված երեսուն դեպք։ Նախարարությունից հայտնում էին, որ օջախները հայտնի են, վիճակը՝ վերահսկելի։

Մեկ շաբաթ անց՝ մարտի 24-ին վարակվածների թիվը հասավ 235-ի։

Արտակարգ դրություն հայտարելու օրվանից սկսած՝ ամեն օր նախարարությունը կրկնում էր, որ օջախները հայտնի են, վարակը վերահսկելի է՝ առաջին հերթին հղում անելով Էջմիածնի հայտնի  դեպքին։

Արդեն մարտի 31-ին հաստատվեց կորոնավիրուսի 532-րդ դեպքը, իսկ Վիրուսը բացի Երևանից նաև մարզերում էր՝  Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի,  Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ:

Այստեղ, բանականաբար, արդեն միայն Էջմիածնի հայտնի սկեսուրին չէին կարող մեղադրել: Նախարար Թորոսյանն ապրիլի 10-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ «վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից»: Այդ օրը հաստատված դեպքերի քանակը 937 էր։

Նախարարի այս հայտարարությունը հակասեց վարչապետի ապրիլի 9-ի լավատեսական հայտարարությանը, թե. «Վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»։

Իսկ «գրիպի նման բանը» շարունակում էր տարածվել՝ անտեսելով վարչապետի լավատեսությունը:

Ապրիլի 13-ին արտակարգ դրության ժամկետները երկարացվեց ևս մեկ ամսով․ վարակվածների թիվն էր 1039, իսկ վիրուսի հետևանքով մահվան դեպքերի քանակը՝ 14։

Սակայն արտակարգ դրության ժամկետների երկարաձգումը հանրային ու անձնական պատասխանատվության նշաձողը հանրության մոտ չբարձրացրեց, և փողոցներում ու հատկապես սուպերմակտեներում կարելի էր տեսնել մարդկանց բազմաթիվ խմբերի: Այստեղ, բնականաբար, գլխավոր բացթողումը պարետատանն էր, որի ղեկավարը ամենօրյա ռեժիմով իրար հակասող կամ նախորդ որոշումը չեղարկող որոշումներ էր ընդունում:

Այսօր՝ մայիսի 2-ին, կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով՝ հասնելով 2273-ի։ Մեկ օրվա մեջ գրանցվել է այնքան, որքան արտակարգ դրություն հայտարարվելու առաջին շաբաթում։

Ի՞նչ է ստացվում, որ կարանտինն ավարտվում է, սակայն դա չի նշանակում, թե կորոնավիրուսը նահանջում է և չի տարածվի։ Փաստացի, այս որոշմանը զուգահեռ  վարակի դեպքերը օրական ավելանում են ոչ թե 10-ով, այլ 100-ով, իսկ մարդկանց հանրային պատասխանատվության մակարդակը հավասարվում է 0-ի: Նման իրավիճակում անհասակնալի է, թե ինչն է փոխվել դեպի դրական, որ կառավարությունը, չսպասելով արտակարգ դրության սահմանված ժամկետի ավարտին, սահմանափակումները հանում է և/կամ  եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, ինչո՞ւ էր երկարացվում արտակարգ դրությունը։

Մարդկանց կորոնավիրուսի պայմաններում ապրել սովորեցնելուց առաջ նախ պետք է կառավարությունը հստակ գիտակցի իր քայլերի հաջորդականությունը, որպեսզի չխճճի ո՛չ հանրությանը, ո՛չ էլ ինքն իրեն։

Արմինե Արմենակյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ