Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում տեղի ունեցող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:
Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը