Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են: ՀՀ կառավարությունում ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ հունվար, փետրվար ամիսներին իրենք սպասարկել են օրական 900-950 կանչ, իսկ այսօր սպասարկում են 700-750 կանչ:
«Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Կորոնավիրսուով պայմանավորված «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածության մասին հարցին ի պատասխան՝ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրենք միշտ են ծանրաբեռնված աշխատում:
Թագուհի Ստեփանյանը նշեց՝ «Շտապ օգնություն» ծառայության աշխատողների պարգևավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի: «Այսօրվա դրությամբ ծառայության աշխատողները վարձատրվում են ըստ 24 ժամյա գրաֆիկի, նրանք ովքեր իրավիճակից ելնելով մեկնել են մարզ, համապատասխան վարձատրվում են: Թե ապագայում ինչ պարգևատրումներ կստանան, կարծում եմ, որ մենք դրան կանդրադառնանք, պարզապես այս պահին դրա ժամանակը չունենք, շատ լարված ենք աշխատում»-ասաց Թագուհի Ստեփանյանը:
«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորում է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում: Նա նշեց, որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում:
«Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն և կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք «Շտապ օգնություն» ծառայության բժիշկներից կան ինքնամեկուսացածներ, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չկան: Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել և այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը