Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»,-ասաց նա`նշելով, որ կորոնավիրուսով վարակվածների վիճակը վատթարանում է այն ժամանակ, երբ ուղեկցող հիվանդություններ են լինում։
Նախարարը նաեւ հավելեց, որ մի քանի օրից կլրանա բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, եւ իրենք թեստեր կանեն ու առողջություն մաղթելով՝ դուրս կգրեն նրանց:
Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են:
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 դեպք է գրանցվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը