«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը մտքի հերթական «փայլատակումն» է ունեցել: Դե նման բաները քպականների համար սովորական են: Բայց ի սկզբանե արձանագրենք, որ սույն «կարկառունը» նրանց փաղանգի այն շարքից է, որի խոսքերը սովորաբար, կամա թե ակամա, դառնում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի մտքերի ու ցանկությունների բարձրաձայնող: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով այս անգամ: Նախ՝ չթաքցնելով Հայոց ազգային եկեղեցու նկատմամբ պաթոլոգիկ ատելությունն ու մաղձը, ստահոդ և իրականությանը չհամապատասխանող «դատողություն» է անում, թե՝ Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկված է:
Հետո շարունակում է, թե՝ դրանից ինքն անձնապես (հաշվեք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղմերձավորները) ուրախանում է, որովհետո... «ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»: Նախ՝ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» հետևողական ու համառ ջանքերին, ամենևին էլ հեղինակազրկված կառույց չէ, ի տարբերություն, օրինակ՝ նույն Փաշինյանի գլխավորած իշխանության, որի պարագայում արդեն վաղուց հեղինակություն կամ վարկանիշ բառերը պարզապես անհեթեթ են հնչում: Եվ ուրեմն, ով ինչի մասին է խոսում: Ինչ-ինչ, բայց ՔՊ-ն ներկայացնողներն ընդհանրապես տեղ և իրավունք չունեն հեղինակությունից կամ վարկանիշից ու էլի շատ բաներից խոսելու:
Հաջորդը. լավ, եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայ առաքելական եկեղեցին թույլ է, որքան պետք է որևէ հայ շեղված լինի, որպեսզի դրանից ուրախանա: Հետաքրքիր է, թե էլ որ երկրում կուրախանային մեր ազգային եկեղեցու թվացյալ թուլությունից կամ կցանկանային այն թուլացած տեսնել: Իսկ առհասարակ, չափազանց անբարո է եկեղեցի-պետություն հակադրությունը, առավել ևս՝ թույլ կամ ուժեղ լինելու կոնտեքստում: Եթե մեր Եկեղեցին թույլ է, ուրեմն մեր հասարակությունը շոշափելիորեն կտրվել է իր հոգևոր-մշակութային հենքից, ուրեմն թույլ է նաև մեր պետությունը:
Իսկ դա նշանակում է, որ տվյալ հասարակության, ժողովրդի, պետության հետագա ընթացքի հոգևոր-բարոյական հենասյուները խարխլված են: Իսկ գուցե նշյալ քպականն ու մյուս քպականները հենց դրանի՞ց են ուրախանում... Կամ հենց դրա՞ն են ձգտում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը