27 11 2018

Ստուգում են ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը

Ստուգում են ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը

Հայաստանի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի գործադրման շրջանակներում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից դեռևս 2015 թվականից իրականացվում է Երևանի 10-14 տարեկան դեռահասների շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության կոհորտային (երկարատև) հետազոտություն և այդ գործոններով պայմանավորված հիվանդությունների բացահայտում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում մահացածների 90% դեպքերում պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՎՀ) են, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունները (ՈՎՀ-րի 48%-ը), նորագոյացությունները (21%), թոքերի քրոնիկ հիվանդությունները (12%) և շաքարային դիաբետը (3.5%):

Ինչպես հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեր երկրում մահացությունն առավել տարածված ՈՎՀ-ներից կազմում է 80%: Ըստ ԱՀԿ-ի՝ առավել տարածված ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը և ավելցուկային քաշը/ճարպակալումը:

  •  Ռիսկի գործոնների տարածվածությունը դեռահասների շրջանում.
  • Ճարպակալում։ Աշխարհում 5-19 տարեկանների շրջանում 124 մլն անձ ունի ճարպակալում, ևս 213 մլն՝ ավելցուկային քաշ: 1975 թվականի համեմատ ճարպակալումով տառապողների թիվն ավելացել է 10 անգամ: Վերջին տասնամյակում ճարպակալումն ավելացել է ցածր եկամուտ ունեցող պետություններում: Հայաստանում, ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների, 15-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշ ունի խմբի 13%-ը (10.5% – ավելցուկային քաշ, 2.5% ճարպակալում):
  • Ծխախոտի օգտագործում։ Աշխարհում 13-15 տարեկանների շրջանում ծխում է մոտ 25 մլն տղա և 13 մլն աղջիկ: ՀՀ-ում (ըստ ԱԱԻ) ծխում է 15-19 տարեկանների 7.8%-ը (տղաների 15.1% և աղջիկների 0.4%):Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ 11-17 տարեկանների շրջանում ծխողների տոկոսն աճում է 2-ից մինչև 11%:
  • Ալկոհոլի օգտագործում։ Ըստ ԱԱԻ տվյալների՝ ՀՀ-ում օգտագործում է օրական 20 գ ալկոհոլից ավելի 15-19 տարեկանների 2.9%-ը (տղաների 5.4%-ը):Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ օգտագործում են գարեջուր առնվազն շաբաթական 1 անգամ 11 տարեկանների 5%-ը (տղաների 8%-ը), իսկ ընդհանրապես ալկոհոլ՝ 16%-ը, ինչը համեմատելի է այլ երկրների տվյալների հետ:
  • Ֆիզիկական թերակտիվություն։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների` 11-17 տարեկանների 81%-ը ֆիզիկապես թերակտիվ են (աղջիկների 84%-ը և տղաների 78%-ը):ՀՀ-ում, ըստ ԱԱԻ տվյալների, թերակտիվ են 15-19 տարեկան տղաների 5.8%-ը և աղջիկների 5.4%-ը:Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ թերակտիվ են 11-13 տարեկան տղաների 70%-ը և աղջիկների 80%-ը: Իսկ 15-17 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար 74 և 85%-ը:
  • Առողջ սնուցում։ Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ Մրգեր և բանջարեղեն ամեն օր օգտագործում է սննդում դեռահաս տղաների 52%-ը և աղջիկների 62%-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ