Միչիգանի EpidStat ինստիտուտի ամերիկացի փորձագետները և Յուտայի DLW Consulting Services հետազոտական ընկերության մասնագետները վերլուծել են 7 հետազոտության արդյունքները և հանգել այն եզրակացությանը, որ ձուն ոչ միայն չի բարձրացնում սրտի իշեմիկ հիվանդության և կաթվածի հավանականությունը, այլև օրական մեկ ձվի օգտագործումը կարող է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը, հաղորդում է Focus ամսագիրը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում ավելի վաղ հրապարակվել են այլ հետազոտություններ այն մասին, որ ձուն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ամսագիրը հարցրել է սրտաբանների կարծիքը։ Սրտի գերմանական հիմնադրամի վարչության աշխատակիցը նշել է, որ կարևոր է, թե ինչի հետ է ձուն օգտագործվում, օրինակ՝ բեկոնի հետ ձվի համադրությունը կարող է բացասաբար ազդել անոթների վրա: Միջերկրյածովյա սննդակարգին հետևողները, սակայն, այս առումով կարող են հանգիստ լինել և չվախենալ խոլեստերինի բարձրացումից:
Փորձագետները համակարծիք են, որ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար հարկավոր է ոչ միայն ճիշտ սննդակարգ ունենալ, այլև առողջ կենսակերպ վարել՝ չծխել և սպորտով զբաղվել։ Խոլեստերինի բարձրացման հարցում ավելի մեծ դեր են խաղում գեները, այլ ոչ սննդակարգը, նշել են մասնագետները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը