15 05 2023

ՍԱՏՄ-ն հորդորում է պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ

ՍԱՏՄ-ն հորդորում է պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ

Շուտով կավարտվի ուսումնական տարին և ամառային սեզոնը կազդարարի տարբեր ավարտական էքսկուրսիաների մեկնարկը, որոնք նաև բնության գրկում բացօթյա խնջույքների առիթ են:

Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է ուսուցիչներին և ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ և հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների.

համոզվեք, որ սննդամթերքը թարմ է,

նայեք պիտանիության ժամկետներին,

համոզվեք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում,

մի գնեք սննդամթերք փողոցից,

մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,

միս գնելուց պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։

Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում և պատրաստի սննդամթերքի շփումը։

Հորդորում ենք հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք և այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների: Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:

Առաջարկում ենք կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 - +4) կապահովվեն:

Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք և խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

Անհրաժեշտ է նաև տեղում՝ բնության գրկում, հետևել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց), խուսափելու նպատակով՝ օճառով լվանալ ձեռքերը:

Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրատման հիգիենային՝ խաչաձև աղտոտում (ոչ պատշաճ լվացված և ախտահանված ձեռքեր, հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին և տևողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-700C)։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ