Ազգային ժողովը ապրիլի 11-ին քննարկում էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է` այն հիվանդանոցները, որոնք ունեն դեղերի պահպանման համապատասխան ծառայություններ, իրենց համար անհրաժեշտ դեղերը ներկրելու հնարավորություն ունենան:
Հակոբյանը նշեց, որ հիմա օրենքը թույլ է տալիս ՀՀ դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին: «Նրանք պետք է մեծածախ շուկայից դեղը գնեն, որպեսզի կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որպեսզի հիվանդանոցներին, որոնք ունեն դեղը պահելու վայր, ՀՀ դեղ ներմուծելու հնարավորություն տանք` ուղիղ, առանց մեծածախ գնորդին դիմելու, ինչպես հայ ժողովուրդն ասում է «հացը տվեք հացթուխին»,- ասաց նա և վստահեցրեց, որ սա կհանգեցնի դեղերի գների իջեցման:
Հակոբյանը նշեց, որ Հայաստանում մեծածախ լիցենզիա ունեն շուրջ 150 կազմակերպություններ, որոնցից առաջին 5-ը ներմուծում են դեղերի շուրջ 75 տոկոսը, մնացած 145 ընկերությունները ներմուծում են 25 տոկոսը: Նրա խոսքով` պետք է նաև ֆիզիկական անձանց թույլ տրվի դեղ ներմուծել: «Մենք հայ ենք, և մեր սովորույթի մեջ մտնում է, առավել ևս, որ մեր երկում դեղերը թանկ են, հարևան Վրաստանի համեմատ, ծնողի, երեխայի, հարազատի համար դեղ բերելը: Մենք երկրորդ ընթեցման ռեժիմով «ծնող, որդի» բառերը կհանենք, և յուրաքանչյուր ֆիզիկական անձի ուղղակի թույլ կտանք այն չափաբաժինը բերել, որը օրենքով թույլատրված է, որ հարց չլինի, թե` ում համար ես բերում, փաստաթուղթ ցույց տուր, այսինքն՝ սխեման հեշտացնում ենք»,- ասաց պատգամավորը:
Հակոբ Հակոբյանը նաև նշեց, որ դիմել է վարչապետին ստեղծել աշխատանքային խումբ օրենքը քննարկելու համար, քանի որ ներկա օրենքի բոլոր փոփոխություններով նախատեսում է դեղերի գների ավելացում: Նշենք, որ հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեմ էր արտահայտվել նախագծին` նշելով, որ հիվանդանոցները չունեն այն անհրաժեշտ պայմանները, որոնք լիցենզավորման դեպքում պահանջվելու է, քանի որ դա տեղափոխման պատշաճ պայմաններ ապահովելն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը