Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն Արմավիրում խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպումից հետո հարցի վերաբերյալ զեկուցել է վարչապետին: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղացիները 7 տարվա երկարաժամկետ պայմանագիր ունեն, որում նվազագույն գինը նշված է 130 դրամ:
Պատասխանելով այն հարցին, թե այս պահին ինչ գնով է հնարավոր մթերման համար խաղող վաճառել, նախարարը պատասխանեց, որ պետությունը ձեռնպահ է մնում մթերողներին որևէ գին թելադրելուց: «Որևէ մեկը չի կարող այս հարցին պատասխանել: Պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրելուց, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են, և չկա հատուկ օղակ: Մենք փորձում ենք գնորդին ու վաճառողին օգնել, որպեսզի շուկան ընդհանուր` բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի»,- պարզաբանեց նա:
Գյուղմթերքի թանկացումների հարցին անդրադառնալով՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրենց համար ուղենիշայինը Հովտաշատի մեծածախ շուկայի գներն են: «Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղատնտեսության նախարարության սահմաններից դուրս է: Ընդհանրապես, գնային քաղաքականությունը գյուղնախարարության լիազորություններից դուրս է, դա այլ հարթակում քննարկելու խնդիր է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ձևավորված է որոշակի գին, և այն գյուղացիները, ովքեր վաճառք են իրականացնում, բնականաբար, այդ ուղենիշային գնով են առաջնորդվում:
Նվազ բերքի մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եղել է. 2 հիմնական մշակաբույս կա, որոնց քանակը պակասել է, հիմնականը լոլիկն է: Կարծիք կա, որ եղանակն է պատճառը եղել: Ձմերուկի հետ էլ խնդիր կար, բայց այն կարգավորվել է, հիմա ձմերուկի միջին գնից շեղում չկա: Հիմնական հարվածը եղել է լոլիկի վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը