27 08 2018

Խաղողի պահանջարկը մեծացել է, իրացման խնդիրներ չեն ակնկալվում․ Գյուղնախարար

Խաղողի պահանջարկը մեծացել է, իրացման խնդիրներ չեն ակնկալվում․ Գյուղնախարար

Խաղողի իրացման խնդիրներ այս տարի չեն ակնկալվում, ընդհակառակը մեծացել է խաղողի պահանջարկը և թեև դեռևս գինեգործական կազմակերպությունները մթերման գին չեն հայտարարել, սակայն այն նախորդ տարվանից բարձր կլինի։ Այս մասին Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ խաղողագործության զարգացման հարցում նախարարը կարևորել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աշխատանքը։ Նա տեղեկացրել է, որ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում խաղողի կադաստր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հիմնադրամը արշավախմբեր է կազմել, որոնք վերջին ժամանակահատվածում շուրջ 30 էնդեմիկ սորտեր են հայտնաբերվել, որոնք կորած էին համարվում. դրանք շուտով կհամալրեն Երկրագործության գիտական կենտրոնի կոլեկցիոն այգին։

Իր խոսքում Նախարարը անդրադարձել է նաև խորհրդատվական համակարգի աշխատանքներին. «Կարծում եմ, պետք է ավելի նախաձեռնողական լինել։ Իրենք էլ տեսնում են, որ երբ գալիս ես, կանգնում ես գյուղացու կողքին, հաջողությունն ավելի մեծ է լինում։ Մարդիկ պահպանողական են, երբեմն տեղեկացված չեն, ուստի պետք է ավելի նախաձեռնողական լինել, ավելի ակտիվ լինել և չսպասել, որ գան քո դուռը թակեն։ Խորհրդատվության հավելյալ արժեքը այն պետք է լինի, որ ոչ միայն պրոբլեմը լուծի, այլ բացահայտնի այն»։

Մարզպետ Արագած Սաղաթելյանը ևս ընդգծել է, որ այս տարի խաղողի բավականին բարձր բերք է ակնկալվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ