14 08 2018

Կարկուտից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. Գյուղնախ

Կարկուտից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. Գյուղնախ

2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շիվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շիվերը՝ տերևներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շիվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում այգին սնուցել` 150-200 կգ/հա ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 80-100 կգ/հա կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով:

Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը չի խրախուսվում, քանի որ այն կարող է խոչընդոտել շիվերի փայտացումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ պայքարի հետագա աշխատանքները:Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի՝ խորհրդակցելով մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պետք է կատարել հիվանդությունների դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ