Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունը արգելեց երկու ներկայացում: Առաջինը արգելվեց Վահրամ Սահակյանի «Անմարդկային Կատակերգությունը», իսկ հետո էլ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարարը զանգահարել է Երևանի պետական կամերային թատրոնի տնօրենին և խաղացանկից հանել է տվել «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը: Ասում են՝ Փաշինյանն ի դեմս Նազարի, իրեն է տեսել ու բարկացել:
Սա, ըստ էության, շատ լուրջ ազդակ է, որ երկրում արմատավորվում է բռնատիրություն, բայց դա, կարծես թե առանձնապես ո’չ մշակութային հանրությանն է հետաքրքրում, ո’չ էլ մյուսներին: Հատկանշական է, որ նախկինում այլ իրավիճակ էր, օրինակ, երբ 2017 թվականին փակվել էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը, դատապարտում էին բոլորը, անգամ Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» դաշինքը: «Ելք» դաշինքը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր. «Սա մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:
Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտոլիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ: «Ելք» դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որևէ գրաքննության, մշակույթի նախարարությանը կոչ է անում՝ իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր էջում տարածել է այս հայտարարությունը և գրել. «37 թիվը պաշտպանվում է պետության կողմի՞ց»:
Նույն հարցը իրեն տանք՝ պարոն Փաշինյան, 37 թիվը պաշտպանվում է պետության կողմի՞ց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը