09 01 2019

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ԺՊ ունի

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ԺՊ ունի

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը:

«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։

Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ