19 12 2018

«Ժեստերի տարածքում» միջազգային փառատոնում Հայաստանի թատերախումբը մրցանակակիր է դարձել

«Ժեստերի տարածքում» միջազգային փառատոնում Հայաստանի թատերախումբը մրցանակակիր է դարձել

Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը «Ժեստերի տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնում հաղթող է ճանաչվել «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ թատերախմբերի շարքում։ Մասնակից մյուս թիմերին շնորհվեցին նաև մրցանակներ «Լավագույն դերասան», «Լավագուն ռեժիսուրայի համար» և այլ անվանակարգերում։

Փառատոնն անցկացվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, «Միմիկայի և ժեստի թատրոնում», դեկտեմբերի 10-15-ը, ՌԴ կառավարության աջակցությամբ։ Դրան մասնակցում էին թույլ լսողների, խուլերի, ինչպես նաև մնջախաղի թատերախմբեր 5 երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից, Ռումինիայից և Բելառուսից։։

«Արտմիմիա» հավաքական թատերախմբի կազմում էին ղեկավար Համլետ Չոբանյանը, Վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը, դերասան Սարգիս Սարգսանը և դուդուկահար Վաչագան Գաբրիելյանը։

«Փառատոնն, իրոք, յուրօրինակ էր, քանի որ համախմբեր էլ ավելի քան 250 մասնակիցների, որոնց զգալի մասը հատուկ կարիքներով՝ թույլ լսող կամ խուլ դերասաններ էին։ Սակայն նրանք ցույց տվեցին, որ հնարավորության ընձեռման դեպքում եթե ոչ ավելին, ապա հաստատ ոչ պակաս փայլուն հանդես են են գալիս լսող դերասաններից, նրանք ե՛ւ գրազանց աշխատում էին երաժշտության ներքո, ե՛ւ պարում, ե՛ւ անգամ երգում։

Կարծում եմ, պետք է մտածել մեզանում էլ ինտեգրման նման հնարավորությունների ստեղծման մասին՝ առնվազն մնջախաղի զարգացման առումով»,- ասաց Համլետ Չոբանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանը ծրագրում է այսուհետ նման փառատոններն ամենամյա դարձնել ու պետք է մեր հայկական թիմն էլ ավելի լավ պատրաստվի դրանց, քանի որ փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվելու է և պետք է մեր երկիրը հետագայում ևս ըստ արժանվույն ներկայացվի՝ նոր ներկայացումներով։

Փառատոնին մասին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ