01 11 2018

«Վախճանից էլ պարզ»․ Հրաչյա Սարուխանի գրական ժառանգության ամփոփումը՝ մեկ գրքում

«Վախճանից էլ պարզ»․ Հրաչյա Սարուխանի գրական ժառանգության ամփոփումը՝ մեկ գրքում

Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբարությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Անետին

Տերևների տակ թող սերը քնի։

Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ։

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...

Ատի՛ր, խնդրում եմ, շուրթերս ատի՛ր։

 

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա։

Աստղերը՝ մոշի փայլփլուն հատիկ,

Խղճմտանքներիդ հաշիվը խառնած...

Ատի՛ր, խնդրում եմ, աչքերս ատի՛ր։

 

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն։

Սատանան հառնի երկնքի պատին։

Աղոթագրքի մրուրը լափեմ...

Ատի՛ր, խնդրում եմ, մեղքերս ատի՛ր։

 

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ

Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր։

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...

Ատի՛ր, խնդրում եմ, աղոթքս ատի՛ր…

 

ԹՄԲԻՐ

Պատերը ծխահամ են առնում։

Մթան մեջ

Կրակը մատնում է շուրթերդ։

Նայում ես՝

Խավար է, ու ձգվում է թելը¸

Ու մութը ծխահամ է դառնում։

 

Ծխի մեջ

Սեղանը պտտվում է անվերջ,

Քամված ու դատարկ են շշերը։

Ընկնում ես,

Ընկնում ես, ու չկա, չկա վերջ...

Ու քեզ հետ ընկնում է գիշերը։

 

Ու կարմիր,

Ու նարինջ արեգակն է ելնում,

Ուր որ է թմբիրը կտիրի՜...

(Թևերիդ

Կիսամերկ մի աղջիկ էր քնում,

Ու մութը քսվում էր պատերին)։

 

Ծխի մեջ

Սեղանը պտտվում է անվերջ,

Արեգակն է հալվում բարձի տակ...

Վերստին խավար է, ու չկա, չկա վերջ...

Ու հոգիդ

Ուզում է դարձի գալ։

 

ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ

 

Գնում ես։ Ճիշտն ասած՝ տանում են,

Պառավ իմ, անծանոթ պառավ,

Եվ ահա –

Շրջում է անունդ՝

Մահազդի շրջանակն առած։

 

(Ինչ դառն է)... Գարեջուր եմ խմում։

Գլխարկս թողել եմ տանը։

Դագաղը քսվում է քամուն։

Մեղեդին թեթև է ու ծանր։

 

Քեզ համար էլ չկան հասցեներ։

Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս։

Կհիշե՞ս Տեր Աստծուն հարցնել՝

Ինչու են մահանում ժպտալիս։

 

Պառավ իմ¸ անծանոթ պառավ,

Ես ի՛նքս էլ անուն եմ երթևեկ։

Մահազդի շրջանակն առած

Ես էլ եմ շրջելու երբևէ...

 

Տանում են։ Ճիշտն ասած՝ գնում ես։

Քեզ համար

Մենք արդեն թքա՛ծ։

Իսկ այստեղ մեկը քնում է

Գլուխը գավաթին թեքած։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ