Հայաստանի մշակույթի գործիչներն անդրադառնում են երկրում ստեղծված իրավիճակին՝ թե համացանցային գրառումներ անելով, թե որոշակի գործողություններով:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:
Մկրտիչ Արզումանյանը վաստակավոր արտիստի կոչում էր ստացել 2017թ. սեպտեմբերին:
***
Վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել է նաև երգչուհի Էռնա Յուզբաշյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Կարծում եմ, որ իմ երկրի բարգավաճումն ու երջանկությունը վեր է բոլոր տեսակի մեդալներից և պարգևներից: Ես հրաժարվում եմ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից»: էռնա Յուզբաշյանը կոչումի էր արժանացել 2015թ. սեպտեմբերին:
***
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից հրաժարվել է «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»:
Նիկա Բաբայանը վաստակավորի կոչում էր ստացել 2011թ. սեպտեմբերին:
***
Կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը (Գասպարյան) հրաժարվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված պարգևից:
Պարգևը ստացել էր 2014 թվականին:
Որոշ գործիչներ էլ հայտարարել են, որ միանում են բողոքի ցույցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը