13 07 2021

Նա իր միջոցներով շենացրել է Մեղրին, բացառված է՝ չարաշահում թույլ տար․ Ալիկ Թումանյանը՝ Մխիթար Զաքարյանի մասին․ Yerkir.am

Նա իր միջոցներով շենացրել է Մեղրին, բացառված է՝ չարաշահում թույլ տար․ Ալիկ Թումանյանը՝ Մխիթար Զաքարյանի մասին․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Մի մարդ, որն իր սեփական միջոցներով շենացրել է Մեղրին, գյուղերը, ի՞նչ չարաշահում կարող էր թույլ տալ, ինչի՞ մասին է խոսքը։ Բացառվում է, նա այն մարդը չէ, որ նստեր ղեկավար, նայեր համայնքային բյուջեին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի ղեկավար Ալիկ Թումանյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալմանը։

Զաքարյանի հետ աշխատել է 2016թ․-ից սկսած՝ Մեղրի համայնքի խոշորացումից հետո։ Ասում է՝ հինգ տարվա ընթացքում համայնքում հսկայական բարեփոխումներ են եղել, շատ դեպքերում Զաքարյանն անձնական միջոցներով է ինչ-ինչ խնդիրներ կարգավորել։

«Շատ լավ զինվորական է, Մեղրիի, Ագարակի գլխին գտնվող հենակետերի համար իր անձնական միջոցներով մեծ աշխատանք է կատարել, ճանապարհներ է կառուցել, բլինդաժներ է սարքել։ Նախկինում պոստ գնացող ճանապարհներն ահավոր վիճակում էին։ Զաքարյանից բողոքողը կույր է եւ չի տեսնում այդ մարդու՝ այսքան տարիների արածը։ Տարրական հարցեր՝ գյուղերը չունեին լուսավորություն, տրանսպորտ, ունեինք ջրի խնդիր, գյուղերի մաքրության, աղբահանության հարցը, այս խնդիրները նրա պաշտոնավարման ժամանակ անմիջապես լուծվեցին։ Առաջ գյուղերն աղբի մեջ թաղված էր»,-ընդգծում է Թումանյանը, ապա շեշտում՝ Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերը նախկինում քանդված, անբարեկարգ վիճակում էին, խոշորացումից եւ Զաքարյանի պաշտոնավարումից հետո բոլորովին այլ տեսք են ստացել։ 

«Անհնարինը իր սեփական միջոցով հնարավոր է դարձրել ։ Չի եղել մի դեպք, որ գյուղի համար մոտենամ, մերժի։ Ժողովուրդը սիրում եւ հարգում է նրան, չկա մի քաղաքացի, որ դիմեր նրան ու լիացած չհեռանար»,- նշում է Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի ղեկավարը։ Թումանյանի խոսքով՝ տասը տարի եւ ավելի Զաքարյանը Սյունիքում ղեկավար պաշտոն է զբաղեցրել, սկզբում՝ Ագարակում, հետո՝ Մեղրիում, այդ ամբողջ ընթացքում չարաշահումներ չկային, միայն վերջին երեք ամսո՞ւմ հայտնաբերեցին։

«Եթե ասում են՝ հանցանք է գործել, տասը տարուց ավելի է՝ նա աշխատում է որպես համանքի ղեկավար, այդ տարիներին չարաշահում չկար, վերջին երեք ամսվա մե՞ջ հասկացան, որ ճիշտ չի աշխատում, չարաշահումներ է արել։ Այս ամենը վերլուծելիս ակնհայտ է դառնում իշխանությունների վարած քաղաքականությունը»,- ընդգծեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ