«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած սոցիալական «թեքումով» հարցերից մեկին ի պատասխան` Փաշինյանը դուրս եկավ հունից և բուն հարցին պատասխանելու փոխարեն սկսեց գոռգոռալ ու սպառնալ, չհաշված որոշ արտահայտություններ, որոնք դաստիարակված որևէ մարդ անծանոթ մի քանի հոգու ներկայությամբ իրեն թույլ չի տա, ուր մնաց ամբողջ երկրով մեկ։ Նրան ափերից հանել էր հերթական հիշեցումը, որ Արցախի 75 տոկոսը հանձնել է թշնամուն։ Մարդիկ մեկ տարուց ավելի ամեն ինչ անում են, որ հասարակությունը մոռանա իրենց կապիտուլ յացիոն պարտությունը, հողերի հանձնումը, հազարավոր զոհերի փաստը, իսկ ահա «դավաճան» ընդդիմությունն ամեն անգամ հիշեցնում է:
Դրա համար էլ Փաշինյանն, իր սովորության համաձայն, փորձեց կրկին «քոքել» իր հին երգը, թե Արցախը նախկիններն են հանձնել, քանի որ նրանք բանակցում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ այդ փաստաթուղթը նախատեսում էր 7 շրջանների հանձնում և այլն։ Նույն նախկինները, որոնք տասնամյակներ շարունակ պահել են նույն այդ հողերը, իսկ բանակցային սեղանի մոտ եղել են հաղթողի դիրքերից: Տպավորություն է առաջանում, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է այնպիսի ֆոն ստեղծել, որ Արցախի թեմայով բանավեճ սկսվի, գոռգոռոցներ ու փոխադարձ մեղադրանքներ հնչեն, և մարդիկ, խճճվելով այդ մեղադրանքների տեղատարափի մեջ, չկարողանան կենտրոնանալ իրական փաստերի վրա։
Այնինչ փաստերն անխոցելի են և հստակ ցույց են տալիս, թե ինչպիսի ժառանգություն էր ստացել Փաշինյանն Արցախյան հարցում և ինչ վիճակի այն հասցրեց։ Նախ՝ նկատի ունենանք, որ Մադրիդյան փաստաթղթում արձանագրված էին Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Այդ փաստաթղթի սկզբունքների հիման վրա էլ կազմվել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որը նույնպես փոխզիջումային տարբերակ էր նախատեսում։ Այսինքն՝ եթե նույնիսկ քննարկվող փաստաթղթերով զիջումներ էին արվելու, ապա դա հենց այնպես, ինքնանպատակ տեղի չէր ունենալու։ Անվտանգության գոտի համարվող տարածքների փոխարեն պետք է ամրագրվեր Արցախի կարգավիճակը։
Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը չէր համաձայնում, որ հիմնահարցը լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ գիտակցում էր, որ Արցախն իր կազմից դուրս կարգավիճակ է ստանալու և որ դրա իրավական հիմքերը ևս անխոցելի են, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար խոսել ու ապացուցել են ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները։ Մյուս կողմից էլ՝ սեղանին դրված փաստաթուղթը դեռևս չէր նշանակում, որ առկա ձևով այն վերջնականապես ամրագրվում էր, քանի որ բանակցային գործընթացում կամ իրականացման փուլում այն կարող էր որոշակի փոփոխությունների ենթարկվել։
Իսկ ահա նոյեմբերի 9-ի հրադադարի մասին կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ դրված է հենց Փաշինյանի ստորագրությունը։ Եվ այդ հայտարարությամբ գրեթե կրկնակի շատ տարածքներ հանձնվեցին հակառակորդին, քան նախատեսվում էր որևէ բանակցային փաթեթով, այն էլ՝ ունենալով հազարավոր զոհեր։ Պատահական չէ, որ անընդհատ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծվում է այն փաստը, որ հայկական կողմի համար նույնիսկ ամենավատ բանակցային տարբերակը ներկա իրավիճակի համեմատությամբ անհամեմատ նախընտրելի կարող էր լինել։ Ուշադրություն դարձնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Փաշինյանի մեկ գրիչի հարվածով Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը ուղղակիորեն, առանց որևէ նախապայմանի կամ, ինչպես ընդունված է ասել, «հենց այնպես» հանձնվեցին Ադրբեջանին։
Դրանով է պայմանավորված, որ Ալիևն իր հանդիպումներից մեկի ժամանակ իրենց համար դիվանագիտական հաղթանակ էր որակում եռակողմ փաստաթղթի ստորագրումը, քանի որ Աղդամի, Քարվաճառի և Բերձորի շրջանները կարողացան բռնազավթել առանց հատուկ գործողությունների և զոհեր տալու։ Բացի այդ, որևէ բանակցային փաթեթում չի եղել դրույթ Հադրութն ու Շուշին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, իսկ ներկայումս ունենք այնպիսի իրավիճակ, որ այս երկու տարածքները ևս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Շուշին հռչակվել է Ադրբեջանի ու համաթյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչը նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։ Մյուս կողմից՝ քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է նաև տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Այս տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ևս բանակցային որևէ փաթեթում որևէ խոսք չի եղել։ Ուշագրավ է, որ պատերազմից մեկ ամիս հետո անհասկանալի կերպով կամ անհայտ պատճառներով Ադրբեջանին հանձնվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, որոնք, ըստ եռակողմ հայտարարության տեքստի, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, քանի որ հայկական կողմը կարող էր մնալ այն դիրքերում, որը հայտարարության ստորագրման պահին զբաղեցնում էր։
Բացի դրանից, Ադրբեջանին հանձնվեցին Կովսականի ու Սանասարի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները, որոնք ևս եռակողմ հայտարարության որևէ դրույթով հանձնման ենթակա չէին։ Սակայն հետո պարզվեց, որ անձամբ Փաշինյանն է հրամայել զինված ուժերին հետ քաշվել այդ տարածքներից։ Արցախի տարածքների հանձնումը բավական չէր, 2021 թվականին ադրբեջանական զորքերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով, առանց որևէ դիմադրության հանդիպելու, նախ՝ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում մուտք են գործում ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվում։ Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական զինուժը կրկին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանը ՀՀ-ին պատկանող 41 քառ. կմ տարածք օկուպացված է պահում և նույնիսկ մտադիր չէ հեռանալ։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա պատերազմից արդեն 1 տարի ու չորս ամիս ժամանակ է անցել, և այն կանգնած վիճակում է, անգամ Մինսկի խմբի համանախագահները չեն ժամանել տարածաշրջան։ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ հայկական կողմից Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացվում, կարծես թե Փաշինյանը հակվել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու տարբերակին, այլապես ինչո՞ւ պետք է փորձեր հիմնավորել, որ Արցախը նաև ադրբեջանական է։
Մի խոսքով, փաստերը բազմաթիվ են, մենք նշեցինք ամենաակնառուները, որոնք ակնհայտ են դարձում, թե Փաշինյանն ինչ վիճակի է հասցրել Արցախի հարցում ստացած ժառանգությունը։ Ավելին, Արցախի հարցը վերածել է Հայաստանի հարցի, քանի որ հակառակորդն արդեն ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ ներկայացնում։ Փաշինյանը բոլոր ուղղություններով անխտիր ձախողումներ է արձանագրել, թերևս դրա համար է այդքան արագ հավասարակշռությունից դուրս գալիս։ Նրա միակ «փրկօղակը» նախկիններին մեղադրելն է, բայց փաստերի համադրության պայմաններում դրանից ևս նա զրկվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը