Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ հիմնավոր լուրերի, ընկերուհուն, որը նախարարության գլխավոր քարտուղարն է, հիմա էլ ուզում է նշանակել փոխնախարար։ Տիկին նախարարին լրագրողները հիշեցնում են այդքան մերժելի ԽԾԲ համակարգը, ասում է՝ այո, 2018 թվականին վերացրել ենք։ Բայց դե նշանակում է։ Առաջ լրատվամիջոցներս աղմուկ էինք բարձրացնում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ազգականը նշանակվում էր պաշտոնի։ Դա կոռուպցիայի ամենից ամոթալի դրսևորումներից մեկն էր։ Օրինակ՝ ԱԺ նախագահի որդին նշանակվում էր առողջապահության փոխնախարար, ԱԺ պատգամավորի որդին նշանակվում էր ազգային պարկի տնօրեն, վարչապետի եղբայրը՝ դեսպան, տրանսպորտի նախարարի եղբայրը նշանակվում էր մեկ այլ նախարարաությունում փոխնախարար, փոխարտգործնախարարի փեսան նշանակվում էր հարկային տեսչությունում պաշտոնի և այլն։ Մենք ասում էինք, որ դա կոռուպցիա է, իշխանությունն ասում էր, որ էդ մարդիկ մեղք ունե՞ն, որ խելացի բարեկամ ունեն։ Հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի աղմուկը 2017 թվականին, երբ Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրեն էր նշանակվել Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկը։
Ազգուտակին աշխատանքի տեղավորելը մարդկանց մոտ ամենաանարդար տպավորություն թողնողն է, երբ մեր երկրում կան հարյուր հազարավոր դիպլոմավոր մասնագետներ, բայց պաշտոնյաներն իրենց բարեկամներին են առաջ բրդում։ Սա միայն Հայաստանում չէ, Նազարբաևն իր դստերը փոխվարչապետ էր նշանակել, Էրդողանն իր փեսային կառավարական տարբեր պաշտոններում պտտացրեց, Ռահմոնն իր դստերը Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակեց, Ուգանդայի նախագահն իր կնոջը նշանակեց կրթության նախարար, Թուրքմենստանի նախագահի որդին լրիվ առաջ գնաց՝ մի քանի օր առաջ հոր փոխարեն դառնալով նախագահ, Թրամփի դուստրն ու փեսան սպիտակ տան ազդեցիկ պաշտոնյաներ էին։ Ալիևի կինը, ամուսնու առաջին տեղակալն է՝ առաջին փոխնախագահն է։ Անգլիայի վարչապետը եղբորը փոխնախարար նշանակեց։ Իմ հիշած միակ պարկեշտ մարդն այս առումով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն էր, որը հրաժարական տվեց, երբ հայտնի դարձավ, որ երկու դուստրերին Ֆրանսիայի Ազգային ժողովում գործի էր տեղավորել։
Ընդունենք, որ չափազանց վատ երևույթ է, ու երբ Հայաստանում հեղափոխություն եղավ, նաև հենց սա շատերին փողոց հանեց, որովհետև մարդիկ մտածում էին, որ հենց ինքը կարող է պաշտոնի լինել, բայց արի ու տես միայն հանրապետականներն են պաշտոնի։ Նիկոլ Փաշինյանը եկավ ու ի՞նչ ասաց, ասաց, որ այլևս խնամի-ծանոթ-բարեկամ համակարգին վերջ ենք տալիս։ Սա նրա առաջին խոստումներից մեկն էր ու սա նրա ամենատապալված խոստումներից մեկն է։ Ու հենց ինքն է այս խոստումների տապալման մեկնարկը տվել․ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ բազմաթիվ ազգականներ պաշտոնի են՝ աներձագ, քավոր, քավորի եղբայր, եղբոր տղա, դպրոցական ընկերներ, հեռավոր ազգականներ ու պաշտոնն էլ ի՞նչ պաշտոն՝ մարզպետ, քաղաքապետ, ոստիկանապետ, պատգամավոր, պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ և այլն։ Առաջ ասում էին՝ ինչի՞ պետք է նախարարի եղբայրը փոխնախարար լինի, բայց խեղճ Հովիկ Աղազարյանը երկու տղերքի հետ խոպան գնա, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն էլ խոպան գնա, Ալեն Սիմոնյանն էլ բոլոր ընդդիմությունների հետևից ընկնի հրապարակներում, որ մարդամեջ մտնի։ Բայց հենց թվարկածս մարդիկ եկան իշխանության ու կարծես սկսեցին պետությունից վրեժ լուծել․ Հովիկ Աղազարյանը դարձավ դեպուտատ, մի տղուն՝ Հովսեփին, դարձրեց Աջափնյակի փոխթաղապետ, հիմա էլ ինչ-որ տեղ թաղապետ է դառնում, մյուս որդին՝ Վահեն, Զվարթնոցի տամոժնյա մտավ։ Հովիկը կասի՝ ես ի՞նչ անեմ, արժանի են։ Դե դու հայրն ես, քեզ համար պարզ է որ արժանի են, բայց երկիր է, ափսոս, չէ՞։ Նույն կոկորդիլոսագետը, որ խոպանից եկավ, քայլեց ու դարձավ մարզպետ, ի՞նչ արեց․ մարզպետարանից մինչև դպրոց ու մանկապարտեզ, լցրեց ագուտակով, մորքուրի հարս, հորքուրի հարս, հորեղբոր աղջիկ։ Հեկտարն ու մետրը իրարից չտարբերող սույն պարոնի մի ազգականը դարձավ Վեդու ՋՕԸ-ի տնօրեն, բաջանաղը՝ Արարատի մարզային ՃՈ պետ, մյուս բաջանաղը՝ փոխմարզպետ։ Քեռու տղան՝ օգնական։ Արարատի հաջորդ մարզպետ Թևոնյանն էլ, որ կարճ ժամանակ աշխատեց, բդեշխական օրենքներով իր որդուն իր տեղը դրեց նոր գնաց։
Ալեն Սիմոնյանը, որ ասում էր՝ առաջ իշխանական կերակրատաշտին մոտ չէի, դրա համար էլ բեմի վրա պարում էի, հիմա ի՞նչ է անում, մի քանի օրով դարձավ ՀՀ նախագահ, ԱԺ-ում իր օգնականին հանեց գործից, տարավ նախագահական աշխատակազմի ղեկավար, մի ամիս հետո, երբ հետ էր գալիս, էլի հանեց բերեց, մարդը օգնականներին ման է տալիս հետը, կարծես իր անձնական ծառակողներն լինեն, ոչ թե պետության։ Իր ընկերոջը նշանակեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, էսօր էլ հետը գնացել է Բալի տժալու։
Նայեք ազգային ժողովի, կառավարության, նախարարությունների, առընթեր մարմինների, ՊՈԱԿ-ների, հմայնքապետերի, դպրոցների, ոստիկանության, բոլոր-բոլոր պետական հիմնարկների աշխատակազմերը, պաշտոնները, ՔՊ կուսակցության տոհմածառ են հիշեցնում։ Ու դա անում են էնքան վստահ, էնքան բացահայտ, իբր հենց էդպես էլ պետք է լիներ։ Ասում եմ՝ Անահիտ Ավանեսյանը ընկերուհուն փոխնախարար է տանում ու ասում է՝ մերժել ենք ԽԾԲ համակարգը։
Ռուստամ Բադասյանը դառնում է արդարադատության նախարար, քավորին տանում է խորհրդական, կինը հա՛մ զբաղվում է բիզնեսով, հա՛մ աշխատում է ԱԺ-ում, ընկերը գնում է ԴԱՀԿ պետ, ընդ որում, քանի որ էդ պաշտոնն էին ուզում, բայց պագոնների աստղերի թիվը էդքան չկար, օրենքով ցենզ իջեցրին։ Բադասյանի մանկության ընկերը նշանակվեց նախարարության աշխատակազմի ղեկավար:
Արսեն Թորոսյանը, որ նշանակվեց առողջապահության նախարար, հերը դարձավ պաշտոնյա շրջակա միջավայրի նախարարությունում, ընկերները նշանակվում էին կորոնավիրուսի ժամանակ կարանտինային վայրերիի ղեկավարներ։ Սասուն Միքայելյանը, էն որ հարցնես՝ կասի ինչ անում եմ՝ երկրիս համար եմ անում, հեղափոխությունից հետո դուստրը դարձավ մարզպետի օգնական, որդին դարձավ քաղաքապետ։ Որ ասես՝ էդ մարզը կամ այդ քաղաքը դրանից հետո մի այլ կերպ ծախկեցին, էլի ոչինչ, բայց նույնն է, եթե ոչ՝ ավելի վատ։ Հիմա դուրս չեկա՞վ, որ ոչ մեկդ էլ երկրի համար չեք մտածել, այլ հակառակը՝ միմիայն անձնական հարցերն են ձեզ հետաքրքրել, թե՛ 18-ի գարնանը, թե՛ մինչ օրս։ Վարչապետի տիկնոջ մորքուրի թոռ Մաշադյանը, որ ՊԵԿ փոխնախագահ էր դարձել, տղուն էր դարձրեց զինվորական դատախազ։ Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասատուն դարձավ մշակույթի նախարար, հետո ԱԺ պատգամավոր, հիմա էլ դեսպան է։ Լիլիթ Մակունցի եղբայրն էլ դարձավ պաշտպանության նախարարի օգնական։ Ախր էնքան շատ են, ո՞ր մեկը թվարկես։ Նիկոլ Փաշինյանի թերթի միաժամանակ երկու լրագրող, տնօրենը դարձան դեպուտատ։
Անդրեասյան Կարենը նշանակվեց արդարադատության նախարար, հաջորդ որոշմամբ ընկերոջը տարավ փոխնախարար։ Հիմնավորում են՝ իրավաբան է․ կրակն ընկանք, ուրիշ իրավաբան էս երկրում չկա՞ր, թե՞ ուրիշ ոչմեկ հետներդ չի ուզում աշխատել։ Սասուն Խաչատրյանը գնաց ՀՔԾ պետ, եղբայրը, որ Սորոսի հիմնադրամում տնօրենների խորհրդի նախագահ էր, հետո էլ գնաց բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Ու Սասուն Խաչատրյանը, էսքանով հանդերձ, հիմա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է։ Սասունը քննելու է՞, թե իր ախպերը ոնց եղավ, որ դարձավ ԲԴԽ անդամ։ Մի քանի օր է, ինչ Նազելի Բաղադաարյանը Շիրակի մարզպետ է աշխատում, բայց եղբոր կինը արդեն Գյումրու քաղաքապետարանում վարչության պետ է, քավորը փոխմարզպետ է, մյուս ազգականը՝ պոլիկլինիկայի տնօրեն։ Լենա Նազարյանն ու ամուսինը երկուսն էլ պատգամավոր են։ Մամուլը գրեց, որ Հայաստանի գլխավոր դատախազի հետ քավոր-սանիկական կապերի մեջ են դատախազության 13 պաշտոնյաներ՝ մարզերի դատախազներ, վարչության պետեր և այլն։ Գևորգ Բաղդասարյանը, որ սահմանադրական կարգի տապալման հակասահմանադրական ու ծիծաղելի գործի արդյունքում դարձավ դատախազի տեղակալ, հայրն էլ դարձավ դատարանի նախագահ։ Ռոմանոս Պետրոսյանը, որին Նիկոլը մի քանի պաշտոններում պտտացրեց, մինչև իր տեղը գտնի ու չի էլ գտնում, անգամ կնոջ ընկերուհին դարձավ Աբովյանի դպրոցի տնօրեն, ոստիկանների շնորհիվ զոռբայությամբ շենք մտցրին։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը նշանակվեց Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի ժ/պ։ Քրոջ որդին դարձավ Երևանի պարեկի պետ։
Ժողովուրդ, խաբա՞ր էիք, ինչ է կատարվում, սա ազգակցական կապերը մերժած ու միայն պրոֆեսիոնալիզմով աշխատող իշխանությու՞ն է, որը քեզ ասում էր՝ գալու եմ ու մերժեմ խնամիական կապերով գործի ընդունեը։ Դու հացի փող չունես, դու դիպլոմավոր բանվոր ես, Ռուսաստանում բանվորություն ես անում սեզոնային, որ ընտանիքդ պահես, իսկ սրանք անգամ անդիպլոմ մարդկանց են պաշտոն տալիս, որովհետև իրենցական են։ Ասում են՝ մրցույթ է, մենք մեղք ունե՞նք, որ մեր ազգականներն են հաղթում մրցույթներում։
Զարուհի Բաթոյանը որ սոցապնախարար էր, անգամ քրոջ տեգորն էր տարել պաշտոնի, այն էլ՝ նախարարության աշխատակազմի ղեկավար։ ԱԽ քարտուղարի կինը հաշվեքննիչ պալատ մտավ աշխատանքի, ԱԺ իշխանական խմբակցության մի շարք պատգամավորների կանայք, քույր-եղբայրերն աշխատում են ԱԺ-ում, կառավարությունում, օգնական են, խորհրդական են, վարչության պետ են, Արման Բոշյան, Հռիփսիմե Գրիգորյան, դեսպան դարձած Հակոբ Սիմիդյան և այլն։ Արայիկ Հարությունյանի սանիկը, որ նկարիչ է, պետական վերահսկողական ծառայությունում է պաշտոն ստացել։ Ընտրությունների նախօրեին Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ժ/պ նշանակեց քրոջ որդուն։ Մի առանձին թեմա է համայնքների ղեկավարների նշանակումները։
Մի առանձին փունջ են կազմում ՀՀՇ-ականներն ու նրանց շրջապատից գործի անցածները։ Էսօր դեպուտատ աշխատող Գագիկ Մելքոնյանը, որ բանակի թիկունքի պետ եղած ժամանակ լավ հարստացավ, որդին հեղափոխությոնից հետո նշանակվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ: Արդարադատության փոխնախարար երբ նշանակվեց Սրբուհի Գալյանը, պարզվեց՝ այսօրվա դատական համակարգում ասիչ աշխատող Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանի դուստրն է։ Ջհանգիրյանի կամքով քա՞նիսը դարձան դատավոր։ Ջհանգիրյանի փեսան էլ ՊՎԾ պետի տեղակալ է աշխատում արդեն։ Ո՞վ է ԿԲ նախագահը, գիտե՞ք, ԱԺ նախկին ՀՀՇ-ական նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան։ Լևոնական հետագծով, սերունդներով դեմքերը շատ են այս խորհրդարանում, կառավարությունում ու ամենուր։
Ու ասում են՝ մեր ազգակցական կապ ունենալը չի ազդել։ Բա մինչև հիմա ո՞ւր էին, ինչո՞ւ հենց հիմա պաշտոնի գնացին և ընդհանրապես՝ ո՞ւր կլինեին նրանք, եթե դուք պաշտոնի չլինեիք։ Մեկ այլ թեմա է պաշտոնյաների ազգուտակով բիզնես անելը, տենդեր շահելը, որի դեռ կանդրադառնամ այս իշխանության կոռուպցիոն հանցանքները ներկայացնող հաջորդումների ժամանակ, կանդրադառնամ նաև նրան, թե կադրերին ընտրելիս գոնե պրոֆեսիոնալիզմը հաշվի առնո՞ւմ են, թե ոճ։
Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում անունները չթվարկեցի, ոչ թե մոռացա, այլ եթերի ժամանակը չհերիքեց, այնքան շատ են, որ անգամ 10 հաղորդման մեջ անհնար է այդքանին հիշելը։ Ուզում եմ ասել, հարգելի քաղաքացի, ևս մեկ անգամ համոզվիր, թե ինչ իշխանություն ես բերել։ Նիկոլն ասում էր՝ կառավարման համակարգը ո՞նց է աշխատել նախկինում՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել՝ լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարել է, որ արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին։ Այսինքն՝ իր կառավարման համակարգը Նիկոլն ինքը համարել է անարդյունավետ։ Ու սա կոռուպցիան մերժած, ԽԾԲ համակարգը մերժած իշխանությունն է։ Շատերդ կասեք՝ հա բայց նախկինները․․․ Այ այդտեղ սխալված կլինեք․ այո, նախկինում եղել է ու ինչպես հաղորդմանս սկզբում նշեցի, միշտ դեմ ենք խոսել, որովհետև դա դատապարտելի է թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Բայց նախկինները չեն ասել՝ այլևս երբեք դա չի լինի, չեն ասել՝ մենք եկել ենք մերժելու դա։ Սրանք ասել են, բայց հակառակն են անում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը