«Փաստ» օրաթերթը գրում է․ Ներկայիս առաջընթացի ու զարգացման պայմաններում պատերազմներն ու հակամարտությունները, ռազմական և դիվանագիտական ճանապարհներից բացի, նաև տնտեսական ուղիներով են իրականացվում։ Եվ ավելի հաճախ է օգտագործվում տնտեսական պատժամիջոցների սահմանման կամ միջազգային ֆինանսական հոսքերից առանձին երկրների կտրելու պրակտիկան։
Օրինակ՝ Իրանի կամ Հյուսիսային Կորեայի նկատմամբ խիստ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, ինչը թույլ չի տալիս, որ այդ երկրները զարգանան և ինտեգրվեն համաշխարհային տնտեսության հոսքերին։ Եվ եթե այս երկրների՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ հայտնվելը կարող է տեղային, ինչ-որ առումով նաև ռեգիոնալ նշանակություն ունենալ, ապա Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի փոխադրումը տնտեսական արգելքների ու սանկցիաների հարթակ համաշխարհային տնտեսության կոնյուկտուրայի լուրջ փոփոխություններ է խոստանում։ Առանց այն էլ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը հազիվ է հաղթահարում տնտեսական ճգնաժամի առաջ բերած հետևանքները, իսկ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները համաշխարհային տնտեսության աճի համար լրացուցիչ խոչընդոտ են դառնալու։
Ճիշտ է՝ ռուսական տնտեսությունն իր չափերով չի կարող համեմատվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ Չինաստանի հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, որը տիրապետում է ահռելի ռեսուրսների, իսկ այդ ռեսուրսների կարիքը շատ է զգացվում։ Եվ պատահական չեն այն գնահատականները, որ Ռուսաստանը ռեսուրսների առումով համարվում է ինքնաբավ և նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների սահմանման պարագայում կարող է բավարարել սեփական պահանջները։ Սակայն նույնը չեն կարող իրենց թույլ տալ արևմտյան պետություները։ Օրինակ՝ Եվրոպայի գազի պահանջարկի մոտ 40 տոկոսը բավարարում է հենց Ռուսաստանը։ Եվ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի սրման պայմաններում եվրոպական երկրները փորձում են այլընտրանքային ուղիներ գտնել, այդ թվում՝ հեղուկ գազի մատակարարման առումով։
Այլընտրանքային ուղիներից մեկն, օրինակ՝ դիտարկվում է Կատարից ներկրումներն ավելացնելու տարբերակը։ Բայց ուշագրավ է, որ Կատարի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ եթե ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով ռուսական գազի արտահանումը Եվրոպա դադարեցվի, Կատարը և ոչ մի այլ երկիր չի կարողանա հեղուկ բնական գազով լրացնել այդ բացը: Ստացվում է, որ եթե հանկարծ ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա դադարեցվի, ապա եվրոպական երկրներում էներգետիկ ճգնաժամը դառնալու է անխուսափելի։ Ուշագրավ է, որ Գերմանիան, որի տնտեսության մեջ գազի ահռելի պահանջարկ է ձևավորվել, Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, քաղաքական դրդապատճառներից ելնելով, հայտարարում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործումը սառեցնելու մասին։ Ստացվում է, որ արևմտյան պետությունները, պատժամիջոցային տրամաբանությամբ առաջնորդվելով, առաջին հերթին իրենք իրենց տնտեսությունն են վտանգի տակ դնում կամ զբաղվում են ինքնավնասմամբ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն էներգետիկային, այլև տնտեսական և ֆինանսական մյուս ոլորտներին։
Օրինակ՝ Արևմուտքը լրջորեն դիտարկում է SWIFT միջբանկային վճարային համակարգից Ռուսաստանն անջատելու հարցը, իսկ այն հարված կհասցնի ոչ միայն Ռուսաստանին, այլև հենց արևմտյան երկրների տնտեսություններին, որոնք կկորցնեն հասանելիությունը ռուսական ռեսուրսներին և չեն կարողանա իրենց ապրանքներն ու ծառայությունները արտահանել ռուսական շուկա։ Իսկ SWIFT-ի փոխարեն ռուսական ֆինանսական հաստատությունները կարող են սկսել այլընտրանքային վճարային փոխանցումների համակարգից օգտվել։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները նպաստելու են Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական համագործակցության խորացմանը, իսկ երկարաժամկետ կտրվածքով նման հեռանկարը չի բխում առաջին հերթին արևմտյան պետությունների շահերից, քանի որ նրանք Չինաստանին դիտարկում են տնտեսական և տեխնոլոգիական առումով որպես իրենց հիմնական մրցակիցը։
Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ արևմտյան պետությունները չեն ցանկանում միջնորդական առաքելությամբ հանդես գալ և հավասարակշռության հաստատման արդյունքում խաղաղության հասնել։ Ավելին՝ միակողմանի դիրքորոշմամբ Արևմուտքը նպաստում է ռուսուկրաինական հակամարտության թեժացմանը, որի դեպքում Ուկրաինան կատարում է միայն Արևմտյան պետությունների ցանկությունները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը