«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից: Ստացվում է՝ եթե դատավորների ժողովին 60 դատավորր ներկա գտնվեց, ապա ժողովը չի կայանա:
Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Եվ, ահա, այսօր դատավորների ժողով է լինելու, որին 93 ստորագրահավաք իրականացրած դատավորներից շատերը հետ են կանգնել, եւ ընդամենը մոտ 60 դատավոր է ասել, որ կգան ժողովին»:
Մանրամասները՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը