«Փաստ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ երեկ պետք է գումարվեր արտահերթ նիստ, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» հետ: Սակայն նիստը չկայացավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին։ Ավելի վաղ հանձնաժողովի նիստում ՔՊ-ն դեմ էր քվեարկել նախագծին:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց «Շուշիի հռչակագրի» ակնհայտ հակահայկական բնույթը: «Շատ հստակ կետեր կան այնտեղ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության, ՀՀ-ի և, ընդհանրապես, ամբողջ հայ ժողովրդի դեմ: Այնտեղ անգամ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ձևակերպում կա, որն արդեն ակնհայտ ագրեսիա է ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների նկատմամբ: Այնտեղ խոսվում է նաև Ցեղասպանության հերքման, այդ հարցը պատմաբանների հանձնաժողով տեղափոխելու մասին: Ի վերջո, այդ հռչակագրի կարևորագույն նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի փոխօգնության մակարդակը բարձրացնելն է, ինչին և հասան: Ըստ էության, «Շուշիի հռչակագիրը» 44-օրյա պատերազմի, դրա հետևանքների լեգիտիմացումն էր: Նպատակ կար նաև լեգիտիմ հիմքեր ստեղծել Հայաստանի նկատմամբ հաջորդ ագրեսիայի դեպքում Թուրքիայի՝ արդեն բավականին հիմնավորված աջակցության համար»:
Մեր զրուցակցի խոսքով, այսօր Թուրքիան Ադրբեջանին աջակցելու իրավական հիմքեր է ստեղծում, ինչը չուներ 44-օրյա պատերազմի ժամանակ. «Մեզ համար բավականին մեծ սպառնալիք է ստեղծվում սրանով: Եվ թեպետ հռչակագրում նշված է, թե փոխգործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց առավել քան ակնհայտ է, որ մենք այստեղ թիրախում ենք: Եթե 2021-ին այդ փաստաթուղթը ստորագրվեց ու զուտ դեկլարատիվ էր, ապա, խորհրդարանների կողմից վավերացվելով, Թուրքիայի ու Ադրբեջանի ներպետական օրենսդրության մաս է դառնում»:
Զուգահեռ դիտարկելով այս ամենի վերաբերյալ ՀՀ-ից ցուցաբերվող վարքագիծը՝ նա նախ հիշեցրեց ԱԳՆ-ի՝ ավելի վաղ արված արձագանքի մասին. «2021-ի հունիսին ՀՀ ԱԳՆ-ն բավականին կոպիտ արձագանքելով՝ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ սա նաև թուրք-ադրբեջանական համատեղ հերթական սպառնալիքն է, ու նման հռչակագրերը հարված են նաև խաղաղության տեսլականի համար: Հիմա, երբ այս փաստաթուղթը վավերացվում է, ու թվում է, որ ավելի լուրջ արձագանք պետք է ունենայինք, լռություն է, որովհետև երկրում իշխանությունները լծված են «խաղաղության դարաշրջանի» ստեղծմանը:
Այս փաստաթուղթը վավերացվել է Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից, և առավել քան անտրամաբանական կլիներ, եթե մեր խորհրդարանը որևէ ասելիք չունենար այս առումով: Այս տեսանկյունից ընդդիմության առաջ քաշած հայտարարության նախագիծն իր բնույթով ու առկայությամբ շատ կարևոր է, բայց իշխանական թևը հրաժարվում է մասնակցել քննարկմանը: Որպես հիմնավորում՝ ներկայացնում են այն հանգամանքը, թե ԱԳՆ-ն արդեն այդ առումով դիրքորոշում հայտնել է:
Սա առավել քան աբսուրդային է, սա ուղղակի իրավիճակի խեղաթյուրում է, հերթական մանիպուլ յացիան, բառախաղ, որի տակ բովանդակություն պարզապես չկա»:
«Շուշիի հռչակագրից» զատ, անդրադառնալով նաև թշնամի հանդիսացող պետություններից եկող նոր սպառնալիքներին, վիրավորանքներին ու հայտարարություններին չպատասխանելու իրողությանը՝ Մխիթարյանը շեշտեց. «Սա «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ է: Այսինքն, պատրաստ ենք զիջել հնարավոր առավելագույնը, ինչը մեզանից կպահանջեն, պատրաստ ենք լռել բոլոր տարբերակների դեպքում, մենք մուրում ենք խաղաղություն: Իշխանությունների կեցվածքը հենց այս տրամաբանության մեջ է»:
Խոսելով Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի մասին՝ Հերմինե Մխիթարյանը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր ՌԴ-ն բավականին բարդ իրավիճակում է. «Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում որքան լարված է իրավիճակը, ՌուսաստանԱրևմուտք հարաբերություններում ինչպիսի լարվածություն է կուտակվել: Բնականաբար, այսօր Մոսկվան, իր շահերից ելնելով, իր համար քաղաքականության լավագույն կոմբինացիան պետք է մշակի՝ հնարավոր սպառնալիքները, մարտահրավերները նվազեցնելու համար: Բնականաբար, այս տեսանկյունից ՌԴ-ն փորձում է իր ազդեցությունը մեծացնել: Բայց ուրիշ հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի: Այս հռչակագրի ստորագրումը հերթական արձանագրումն է նրա, որ մենք, որպես պետություն, դադարել ենք գործոն լինել վերջին տարիների ընթացքում: Երբ քո դաշնակիցը հռչակագիր է ընդունում քո թշնամի պետության հետ, այլ հարց է առաջանում. արդյոք մեր իշխանությունները տեղյակ են եղե՞լ նման զարգացումներից, թե՞ ոչ: Բացի այդ, մենք Մոսկվայի համար կորցրել ենք դաշնակից լինելու դերը»:
Մեր զրուցակցի խոսքով, 2018-ից սկած բոլոր քայլերը վերոնշյալին են հանգեցրել: «Քայլ առ քայլ մոտեցրել են այս հանգրվանին: Մենք այսօր խոսում ենք հռչակագրի ընդունումից, բայց, ըստ էության, 44-օրյա պատերազմի սանձազերծումն ինքնին արդեն հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրների մասին էր վկայում, որովհետև եթե Ադրբեջանն ունենար վստահություն, որ Հայաստանը ՌԴ-ի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է, արտաքին անվտանգային բաղադրիչը հստակ կգործարկվի, երբևէ նման արկածախնդրություն իրեն թույլ չէր տա: Այս հռչակագիրը հերթական հանգրվանն է: Իհարկե, այդ փաստաթուղթը մեզ համար մտահոգիչ է, խնդրահարույց: Ընդհանուր առմամբ, սակայն, հատկապես իշխանությունները սովոր են անընդհատ դրսին մեղադրել եղած կամ չեղած բաների համար: Բայց երևի ժամանակն է ինքներս նայենք, տեսնենք, թե մենք որտեղ ենք սխալվել, որ մեր միակ ռազմավարական դաշնակից պետությունը, որից այսօր կախված է մեր անվտանգային ամբողջ համակարգը, նման կեցվածք ու մոտեցում ունի: Բնականաբար, իրենց համար իրենց շահերն առաջնային են, բայց եթե մենք, որպես պետություն, գործոն լինեինք, կարողանայինք մեր հարաբերությունները ճիշտ կառուցել, ու մեզ հետ հաշվի նստեին, նման իրավիճակ հաստատ չէինք ունենա»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրողություններին ու այդ ամենի ազդեցությանը նաև Հայաստանի վրա՝ փորձագետը շեշտեց, որ այսօր գլոբալ ֆորսմաժորային, բավականին լարված իրավիճակ է. «Աշխարհն ազդեցության նոր գոտիների բաժանման փուլում է: Մենք տեսնում ենք ՌԴ դերի մեծացում, միջին Ասիայում տեղի ունեցող իրադարձություններ, ՌԴ շատ ճիշտ ձևակերպումներ՝ կապված Ուկրաինայի հետ: Մեծ հաշվով, կողմերը մոտեցել են կարմիր գծերին, և այսօր կարմիր գծերն անցկացնելու ժամանակն է: Թե ինչ տարբերակով այն կլինի, ռազմական գործողությունները մինչև ուր կհասնեն և ինչ ծավալով կլինեն, անկանախատեսելի է: Տրամաբանությունը, ամեն դեպքում, սա է: Բնականաբար մենք անմասն չենք կարող մնալ այս ամենից, հատկապես, երբ այս ամենի մեջ ներգրավված գլխավոր դերակատարը մեր ռազմավարական դաշնակիցն է, հատկապես, երբ մեր տարածաշրջանը ցնցումներից դեռ դուրս չի եկել: Եթե գործոն լինեինք, միգուցե նման ֆորսմաժորային իրավիճակներից կարողանայինք օգուտներ քաղել, որովհետև ցանկացած իրավիճակ մարտահրավերների հետ նաև հնարավորություններ է բերում»:
Մատնանշելով ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին՝ նա ընդգծեց. «Եթե մենք աշխատեինք մեր ռազմավարական դաշնակցի հետ, շատ հավանական կլիներ, որ Արցախի կարգավիճակի հարցն էլ օրակարգ բերվեր: Մինչդեռ 44 օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցն ուղղակի թաղվել է, ու ոչ ոք այդ մասին չի խոսում: Մենք այսօր միայն Արցախից արձագանքներ ունենք, ինչն, իհարկե, կարևոր է: Սակայն այլ կլիներ արձագանքների հնչեղությունը, եթե դրանք լինեին Երևանից, իսկ Երևանից պարզապես լռում են: ԱԳՆ-ն հայտարարեց, որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հարց օրակարգում չկա: Թեպետ չկա, բայց պետք է մտածել, թե ինչպիսի դիրքորոշում պետք է ունենանք Արցախի հարցի հետ կապված, եթե Դոնեցկի ու Լուգանսկի հարցը հանկարծ մեր օրակարգում հայտնվի»:
Նա շեշտեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը ճանաչելու շատ լավ հնարավորություն կար. «Այն ժամանակ համանախագահող երկիր Ֆրանսիայից անընդհատ ազդակներ էին գալիս, որ ֆրանսիան պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: Մենք նաև հանրային մակարդակով կոչեր, հայտարարություններ տեսանք: Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատերազմից հետո հայտարարեց, որ Հայաստանը իրենց չի խնդրել ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքն, ինչո՞ւ պետք է Ֆրանսիան իր վրա Արցախը ճանաչելու պարտավորություն վերցնի, եթե Հայաստանը չի աշխատում այդ ուղղությամբ: Մենք անգամ չգիտենք՝ այստեղ խնդիրը չիմացությո՞ւնն է, պատրաստված չլինե՞լը, թե՞ զուտ մշակված քաղաքականությունն է այդպիսին»:
Հ. Մխիթարյանը շեշտեց՝ մեզ այսօր փորձում են համոզել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գործընթացն առանց նախապայմանների է, բայց նախապայմաններն առավել քան ակնհայտ են: Ի թիվս այլ իրողությունների, նա հավելեց. ««Զանգեզուրի միջանցքի» կետը հռչակագրով վավերացվում է, այստեղ մեզ ասում են՝ նախապայմաններ առաջ չեն քաշում: Ի՞նչ է դա, եթե ոչ նախապայման: Մեծ հաշվով, մտածված թուրք-ադրբեջանական օրակարգով ինչ-որ խաղաղության հաստատման ենք գնում, բայց այդ խաղաղության համար միայն մենք ենք վճարում ու շարունակում ենք վճարել՝ դրա դիմաց ոչինչ չստանալով: Ինչոր տնտեսական բարեկեցություն են խոստանում անվտանգության դիմաց: Իրականում աննորմալ տրամաբանություն է. մենք պետություն ենք կորցնում՝ չհասկանալով, թե ինչ է ենթադրում այդ օրակարգը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը