16 11 2022

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջե 2023-ին



 Խորհրդարանում պետբյուջե 2023-ի նախագիծը քննարկելու ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արթուր Խաչատրյանը։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․

 

Սիրելի հայրենակիցներ,

Բյուջեն հաշվապահական փաստաթուղթ չէ։Բյուջեն տվյալ տարվա կարևորագույն քաղաքական փաստաթուղթն է, որը թվերի լեզվով արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները։ Խոսքը չի վերաբերվում կառավարության լոկ տնտեսական քաղաքականությանը այլ ներառում է պետական կառավարման ամբողջ սպեկտրը։

Բյուջեն նաև խոստում է․ ինչ է կառավարությունը խոստանում անել և ինչ արդյունք է խոստանում ապահովել։

Այս տրամաբանությամբ է «Հայաստան» դաշինքը վերլուծել 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2023 թվականի պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորում է շուրջ 2,6 տրիլիոն դրամը ծախսել հետևյալ ուղղություններով․

ՀՀ առողջապահության նախարարություն

146,372.90

6%

ՀՀ ԿԳՄՍՆ

250,272.70

10%

ՀՀ ԱՍՀՆ

648,453.50

25%

ՀՀ ՏԿԵՆ

298,627.90

12%

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

14,495.60

1%

ՀՀ պաշտպանության նախարարություն

505,797.40

20%

ՀՀ ոստիկանություն

76,201.30

3%

 

2,590,147,000

 

 

Թվում է, թե բաշխումը համապատասխանում է Հայաստանի առջև ծառացած այսօրվա մարտահրավերներին․ բյուջետային ծախսերի զգալի մասն ուղղվում է երկրի պաշտպանությանը և հայաստանցիների սոցիալական պաշտպանությանը։ Այո, խոստովանենք, որ կես տրիլիոն դրամն իրոք տպավորիչ է։ Բայց վերջնական կարծիք կազմելու համար այցելենք ֆինանսների նախարաության կայք։ Պարզվում է, որ պաշտպանության նախարարությունը ծախսել է այս տարվա համար նախատեսված շուրջ 360 մլրդ դրամից ընդամենը 170 մլրդ դրամը։ Մնացել է ընդամենը 1,5 ամիս և չծախսված 190  մլրդ դրամ։ Սակայն, արդյոք այս տարվա համար բյուջետավորված 506 մլրդ դրամը բավարա՞ր է հաշվի առնելով զինտեխնիկայի այն կորուստները, որը մենք ունեցանք 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև այն հանգամանքը, որ այնտեղ, որտեղ դեռ երկու տարի առաջ խորը թիկունք էր, այժմ ռազմաճակատային գիծ է, որը պետք է պատշաճ կերպով կահավորել։ Համոզված ենք, որ բավարար չէ։ Պետք է նաև հաշվի առնենք, որ բյուջետավորումը, նույնիսկ բյուջետային միջոցների իրացումը, դեռ չի նշանակում ռազմական պոտենցիալի վերականգնում կամ մեծացում։ Չմոռանանք ՍՈՒ 30 օդանավերը, որոնք ոչ մի վայրկյան չմասնակցեցին ոչ 44 օրյա պատերազմին, ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ոսոխի հարձակումները կասեցնելու համար։

Խոսելով բյուջեի մասին, ես շեշտեցի, որ բյուջեն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները։ Եկեք ընդունենք, որ մի երկրում, որը կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև, չի կարող Երևանի կենտրոնում ծառայություն իրականացնող պարեկն ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան սահմանին ծառայություն իրականացնող զինվորականը, ով ամեն օր նայում է մահվան աչքերին, ով կյանքի գնով պատրաստ է դիմագրավել թշնամու առաջխաղացմանը։ Քավ լիցի, մենք չենք ասում որ պարեկը կամ որևէ մեկը պետք է ցածր աշխատավարձ ստանա։ Մենք ասում ենք, որ զինվորականը պետք է ստանա արժանի վարձատրություն։

Վերջիվերջո ընդունենք, որ չի կարող մի երկրում, որն իրեն հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», ոստիկանության և պետական պահպանության ծառայության բյուջեն ավելի շատ լինի քան էկոնոմիկայի (ներառյալ գյուղատնտեսության) և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված բյուջեն։ Բայց, ինչպես հայտնի է՝ ամեն կառավարություն ունի իր առաջնահերթությունները։

Անդրադառնանք բյուջետային ամենամեծ ծախսային հոդվածին՝ սոցիալական ծախսերին։ Կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ մինիմալ աշխատավարձերը բարձրացնում է մինչև 75,000 դրամ, իսկ  կենսաթոշակներին ուղղվող ծախսերն ավելացնում է 25․2 մլրդ դրամով։ Կառավարությու՛ն, ձեր արածը վարքագծային տնտեսագիտության մեջ հստակ սահմանում ունի․ «փողի պատրանք»։ Խոսում եք փողի բացարձակ մեծությունից, բայց չենք անդրադառնում մի պարզ հարցի․ արդյոք այդ մի քանի կոպեկը, որը դուք հատկացնում եք ծերերին ու աղքատներին՝ աշխատող աղքատներին, ի զորու է լուծել նրանց առջև ծառացած հիմնական սոցիալական խնդիրները։ Վերջիվերջո, բոլորս ենք հասկանում, որ սպառողական գների աճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի համար անհամաչափ ավելի մեծ է։ Հասկանում ենք, որ թոշակառուն, գործազուրկը, հաշմանդամը, նվազագույն կամ նվազագույնից շատ չտարբերվող աշխատավարձ ստացողի համար գնաճը ոչ թե 8․5% կկազմի այլ ավելի քան կրկնակի ավել՝ հաշվի առնելով, որ օրինակ հացի գինը աճել է 18․6%-ով, ձավարեղենը՝ 21․0, մակարոնեղենը՝ 30․3, հնդկացորենը՝ 23․2 տոկոսով(2021 թ․ հոկտեմբերը 2022 թ․ հոկտեմբերի համեմատ)։ Մսի և մրգի գների աճի մասին չեմ խոսում, քանի որ երջանիկ ու բարեկեցիկ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են միս գնել միայն մեծ միջոցառումների առիթով։ Ահա այսպես է ստացվում, որ տնտեսական ԲՈՒՄ-ի պայմաններում աղքատությունն աճում է։

Իսկ կա՞ արդյոք տնտեսական բում։ Կառավարության ներկայացրած թվերը ցույց են տալիս որ կա։ Առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է 11%-անոց տնտեսական աճ։Սակայն, այդ 11%-ից 8․9 տոկոսային կետն ապահովել են ծառայությունները։ Համաձայն բյուջեի նախագծի․ «նոր տնտեսական իրողություններով պայմանավորված բարձր աճեր գրանցվեցին ֆինանսական և ապահովագրական գործունեության, փոխադրումների և պահեստային տնտեսության, կացության և հանրային սննդի կազմակերպման, առևտրի, ինչպես նաև տեղեկատվություն և կապ ենթաճյուղերում»։ Հարց է առաջանում․ «որո՞նք են այդ նոր տնտեսական իրողությունները»։ Պատասխանը շատ պարզ է։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստան՝ ժամանակավոր բնակության, են տեղափոխվել տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ։ Ահա սա է «տնտեսական ԲՈՒՄ-ի» գաղտնիքը։ Հայաստանի տնտեսության աճը պայմանավորված չէ կառավարության տնտեսական քաղաքականությամբ, այլ միայն արտաքին գործոններով, որոնց վրա կառավարությունն ազդեցություն չունի և չէր կարող ունենալ։ Պարոնայք կառավարություն, դուք ոչ թե տնտեսության աճն եք ապահովել այլ պետական պարտքի աճը, որը հատել է 10 մլրդ ամերիկյան դոլարի շեմը։

 

Կառավարությունը հայտարարում է, որ ավելացել են ապրանքների արտահանումն ու ներմուծումը, ակնկալում է, որ 2022թ. արտահանումը և ներմուծումը կաճեն համապատասխանաբար 33.9%-ով և 21.4%-ով, հայտարարում է, որ «ՀՀ ապրանքների արտահանումը գրանցել է կտրուկ աճ․ 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին աճը կազմել է 52.9%»։ Որպեսզի այդքան ավել ապրանք արտահանվի, պետք է երկրում ավել ապրանք արտադրվի, ավելանան արտադրական հզորությունները։ Նոր արտադրական հզորությունների շահագործման մասին որևէ բարի լուր մենք ցավոք սրտի չենք ստացել։ Կառավարությունը հայտարարում է, որ աջակցելու է արտահանողներին ու արտադրողներին։ Մոտ 1500 բեռնատար, այ հենց այս վայրկյանին, դարձյալ «զմռսված են» Վրաստանում։ Այս տարի արդեն 3-րդ անգամ է այս իրավիճակը կրկնվում։ Վարորդները կապվել են մեր ֆրակցիայի մի քանի պատգամավորների, ներառյալ ինձ հետ։ Բողոքում են, որ Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում, չեն զգում որ իրենց թիկունքին երկիր է կանգնած։ Այսպե՞ս եք աջակցում արտահանողներին ու արտադրողներին․․․

Անդրադառնանք կառավարության 2023 թվականի խոստումներին։ 7 տոկոսանոց տնտեսական աճ․․․ Կառավարությունը հայտարարում է․ «Կանխատեսված տնտեսական աճի հիմքում ընկած են ՀՀ կառավարության կողմից թիրախավորված տնտեսական աճի ներուժի բարձրացման ուղղված այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում, տնտեսության արդիականացման, տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանքաղաքականությունները»։ Ըստ այդմ, կառավարությունը 2023 թ․ նախատեսում է կապիտալ ծախսերը հասցնել 547․6 մլրդ դրամի։ Նույն խոստումը կառավարությունը տվել էր անցյալ տարի՝ այս տարվա համար նախատեսվելով 341․8 մլրդ դրամ։ Խոսք տալը և խոստումը կատարելը տարբեր բաներ են։ Այս տարվա 9 ամիսների դրությամբ կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարված են։ Մասնավորապես, տարեկան և 9 ամիսների ճշգրտված պլանի նկատմամբ տնտեսության աճն ապահովող նախարարությունների կատարողականները կապիտալ ներդրումների մասով հետևյալն են․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

36.1

50.4

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

25.5

40.5

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

20.6

28.4

 

Այս պատկերը տեսնելուց հետո, ինչպե՞ս հավատանք կառավարության խոստմանը, թե 2023 թվականին կապիտալ ծախսերը կիրականացվեն և Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կաճի։

Եվ վերջին դիտարկումը։ Կառավարությունը բյուջեի նախագծում գրել է․ «Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով»։ Համեմատում եմ կառավարության ղեկավարի և  իշխանության այլ ներկայացուցիչների վերջին ելույթների հետ։ Պարոնա՛յք, կողմնորոշվեք․ Ադրբեջանը կառուցողական գործընկեր է թե՞ ցեղասպան պետություն․․․

Ամփոփելով վերոգրյալը հայտարարում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը 2023 թ․ բյուջեի նախագիծն իրատեսական չի համարում և դեմ է քվեարկելու ներկայացված տարբերակին։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ