20 01 2022

Արտակ Դավթյանի ցուցմունքը. «Ժողովուրդ»

Արտակ Դավթյանի ցուցմունքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»  օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, եւ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել:

Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, քանի որ առաջին նիստին քննվելու էր կալանավորված նախկին պաշտոնյաների խափանման միջոցի հարցը: Ինչեւէ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանը ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին եւ իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ եւ հրաժարվում եմ ցուցմունք տալ»:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ