11 01 2022

Վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան․ Սուրեն Պարսյան. «Փաստ»

Վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան․ Սուրեն Պարսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում, իսկ որոշ դեպքերում բացառվում է ՀՀ տարածքում գործարքների դիմաց կանխիկ ձևով վճարումը: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են անկանխիկ եղանակով։ Խոսքը թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործարքների մասին է։

Անդրադառնալով փոփոխություններին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ դեռ 2020-ից փուլ առ փուլ առանձին ոլորտներ ներառվեցին անկանխիկ գործարքների թվում։

2022-ի հունվարի 1-ից, տնտեսագետի խոսքով, կարելի է ասել, անկանխիկ գործարքների անցումն ամփոփվեց հիմնական ոլորտների համար։ «Այսինքն, այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 2-3 տարի ունեինք։ Այդ 2-3 տարվա ընթացքում մեր ֆինանսական հատվածը բավականին զարգացել է և բավականին արդյունավետ լուծումներ է գտել։ Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ ու մեխանիզմներ, որոնք կարող են թույլ տալ առանց լրացուցիչ ծախսերի անկանխիկ վճարումներ իրականացնել։ Սակայն ցավով պետք է արձանագրել, որ այս 2 տարվա ընթացքում պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, կառավարության կամ ՊԵԿ-ի, բավարար քայլեր չի ձեռնարկել հանրությանը պատշաճ իրազեկելու ուղղությամբ։ Այսինքն, երբ հանրությանն արգելում ես կանխիկ գործարքներ կատարել, դրան զուգահեռ պետք է ցույց տաս այն հնարավորությունները, որոնցով նա կարող է իրականացնել անկանխիկ գործարքները։ Այդ տեղեկատվությունը հանրությանը բավարար կերպով չի փոխանցվել։ Անորոշության հիմնական պատճառը սահմանափակ տեղեկատվությունն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Պարսյանը նշեց, որ անկանխիկ գործարքների գաղափարի հիմքում ընկած է ստվերի կրճատումը, նաև օրինական եկամուտների հայտարարագրումը։ «Անկանխիկ գործարքներն էլ ավելի կկայունացնեն բանկային համակարգը։ Բայց երբ մարդը տեղյակ չէ բանկային համակարգի ծառայություններից, հնարավոր է նրա վրա լրացուցիչ ծախսեր դրվեն։ Անկանխիկ գործարքների պատճառով հանրության ու բիզնեսի մոտ լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ, եթե նրանք բավարար ֆինանսական գիտելիքներ ու տեղեկատվություն չունենան։ Ցավոք, պետք է արձանագրենք նաև, որ մարդկանց մեծ մասն այդ գիտելիքները չունի, ու, բնականաբար, լրացուցիչ ծախսեր են առաջանալու։ Միևնույն ժամանակ, կան այդ ծախսերը նվազեցնելու, անգամ զրոյացնելու մեխանիզմները։ Այս առումով հարցը կրկին այն է, թե օրենքը մշակողների կողմից հանրության հետ պատշաճ իրազեկման աշխատանք եղել է, թե ոչ։ Հիմնական խնդիրը սա է»,-հավելեց տնտեսագետը։

Վերջինիս խոսքով, օնլայն մեխանիզմներն ու համակարգերը նման գործարքների դեպքում թույլ են տալիս ընդհանրապես զերծ մնալ լրացուցիչ ծախսերից. «Բայց մարդկանց մեծ մասը չգիտի, որ, օրինակ՝ նույն օնլայն բանկինգի հնարավորություններն ու այլ մեխանիզմները կարող են բանկային ծախսերը մոտեցնել զրոյի։ Այս պարագայում կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ, քանի որ մեր հանրությունը բավարար գիտելիքներ այս առումով չունի։ Անկանխիկ գործարքները մեր տնտեսության ու պետության համար կարևոր նշանակություն ունեն, բայց մեր հանրությունը, ցավոք, դեռևս ամբողջապես չի տիրապետում այդ գործիքներին ու տեղեկատվությանը։ Սա է հիմնական խնդիրը։ Ու այս ընթացքում այդ ուղղությամբ բավարար ջանք չի ներդրվել»։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, մարդկանց իրազեկելու ուղղությամբ քայլեր պետք է իրականացվեին, և պետությունը պետք է իր վրա վերցներ այդ գործառույթը։ «Կանոնները չպահպանելու դեպքում օրենսդրությունը առաջին խախտման պարագայում նախազգուշացում է նախատեսել։ Երկրորդ դեպքում մինչև 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։ Այսինքն, մարդիկ կարող են առաջին անգամ՝ մեկ տարվա ընթացքում նախազգուշացվել, իսկ եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, նոր կտուգանվեն։ Նշվածի վերահսկողությունը հիմնականում դրված է ՊԵԿ-ի վրա։

Այստեղ հաջորդ հարցն այն է, թե ՊԵԿ-ն արդյոք ի վիճակի է լինելու պատշաճ վերահսկողություն իրականացնել նմանատիպ բոլոր գործարքների նկատմամբ։ Սա բավականին խնդրահարույց իրավիճակ է, որովհետև վերաբերում է ֆիզիկական անձանց։ Ենթադրենք, ես ձեզ պետք է անկանխիկ գումար տամ, բայց եթե չտվեցի այդ եղանակով, ով և ինչպես է իմանալու այդ մասին։ Կարծում եմ՝ ֆիզիկական անձանց մասով շատ դժվար կլինի վերահսկողություն իրականացնել։ Ֆիզիկական անձանց անկանխիկ դաշտ տանելը լավ նպատակ է, բայց գործընթացները վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան»,-նշեց տնտեսագետը։

Նա շեշտեց, որ ցանկացած նոր բան մարդկանց անհանգստություն է պատճառում։

«Նախ՝ նրանք պետք է հասկանան, ճանաչեն ու վստահեն համակարգին։ Իմ ծնողների օրինակով ասեմ։ Նրանք ունեն բանկային քարտ, բայց չեն օգտագործում, գումարը կանխիկացնում են ու նոր են գործարք կատարում։ Ուղղակի սովոր չեն, վստահ չեն։ Այսինքն, մենք միանշանակ խնդիր ունենք հատկապես ավագ սերնդի առումով, որը, կարծում եմ, կամաց-կամաց պետք է հաղթահարել։ Իրականում անկանխիկ գործարքներին այլընտրանք չկա։ Բնականաբար, տնտեսությունը չի կարող 100 տոկոսով անկանխիկ գործարքների վրա հիմնվել, բայց պետք է փորձենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել ու անկանխիկի անցնել»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով ևս մեկ հնարավոր խնդրի մասին։

«Ես առանձնացրեցի տեղեկատվության ու վերահսկողության խնդիրները, բայց չի բացառվում նաև ընտրանքային մոտեցումը։ Այսինքն, չի բացառվում, որ ՊԵԿ-ը կարող է որոշել ինչ-որ մարդկանց, կազմակերպությունների հետևից ընկնել ու տուգանել, իսկ մյուսներին ուղղակի բարձիթողի վիճակում թողնել։ Սա ևս հարց է, որը կարելի է ներառել վերահսկողության խնդրի մեջ»,-եզրափակեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ