21 12 2021

Մոսկվայում Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների նյութերով գիրք կհրատարակվի․ «Հրապարակ»

Մոսկվայում Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների նյութերով գիրք կհրատարակվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը: Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա եւ վերադառնում, հիմա ե՛ւ դասավանդում է, ե՛ւ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաեւ մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաեւ Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Զավակներն էլ սեպտեմբերից Մոսկվայում են դպրոց հաճախում։ Սողոմոնյանի փոխարեն Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի գործառույթներն իրականացնում է Բագրատ Միկոյանը։

Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց` չի արտագաղթել, պարզապես ավելի հաճախ ու երկար է լինում Մոսկվայում։ Ապա մանրամասնեց․ «Ընտրություններից հետո մեկնեցի, որովհետեւ ազատ ժամանակ առաջացավ։ Հետաձգված գործեր կային, կարծես թե մեծ մասն արել եմ։ Շարունակում եմ դասավանդել МГИМО-ում, դասախոսություններիս նյութերով գիրքն եմ ավարտել, որը կհրապարակվի արդեն գարնանը, Մոսկվայում։ Russia Today-ի հետ եմ համագործակցությունս խորացրել եւ ընդլայնել»։ Հաստատեց նաեւ կինոինդուստրիայով զբաղվելու տեղեկությունը՝ նշելով, որ կինոդիտողների համար գալիք տարում անակնկալ ունի պատրաստած։ Վերջում հավելեց, որ մոտ օրերս գալու է` Ամանորը դիմավորելու է Երեւանում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ