30 11 2021

Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց. «Փաստ»

Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը: Լոռու մարզպետը Ասլանյանին մեղադրել է վատ աշխատանքի մեջ, իսկ վերջինս իր հերթին Խաչատրյանին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մեծ թվով ղեկավար պաշտոն զբաղեցնողների աշխատանքից ազատելու մեջ:

Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, բավականին բարձրացել է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահե Դոխոյանի վարկանիշը, որն, ի դեպ, ըստ վանաձորցիների, նշյալ հեռուստաբանավեճի ժամանակ էականորեն տարբերվել է իր հավասարակշռված պահվածքով, տրամաբանված խոսքով:

Վանաձորում նաև խոսում են, որ բանավեճի ժամանակ բավական լավ տպավորություն է թողել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը: Հավելենք, որ գրանցված տասը ուժերից բանավեճին մասնակցել են վեցի ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ