16 11 2021

Փաստացի սահմանագծում ու սահմանազատում՝ առանց փաստաթղթավորմա՞ն. «Փաստ»

Փաստացի սահմանագծում ու սահմանազատում՝ առանց փաստաթղթավորմա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս տարվա մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում ու դիրքավորվեցին։ Փաստացի, արդեն կես տարի է, ինչ Հայաստանի տարածքային աբողջականությունը խախտված է, ադրբեջանական զորքերը ոչ միայն մտադրություն չունեն հեռանալու, այլև շարունակում են դիրքավորվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ու անգամ ամրաշինական աշխատանքներ կատարել։ Ադրբեջանական ներխուժման սկզբում ՀՀ իշխանությունները, թեև միջոցներ չէին ձեռնարկում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ և զորքերի հետքաշման հրաման էին տվել, սակայն միջազգային հարթակներում փորձում էին ինչ-որ ձևով բարձրացնել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներն օկուպացնելու հարցը։

Փաշինյանն անգամ փորձում էր իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, թե հայկական և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հայելային կերպով հետ են քաշվում, իսկ սահմանում տեղակայվում են միջազգային դիտորդները, որից հետո միայն սկսվում է սահմանների դեմարկացիայի գործընթացը։ Իսկ հիմա մեր իշխանությունները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցի մասին և այսպիսի պայմաններում նույնիսկ պատրաստակամություն են հայտնում դեմարկացիայի գործընթացը սկսելու վերաբերյալ։

Ճիշտ է, երեկ Անվտանգության խորհուրդն անատամ հայտարարություն տարածեց, թե ԱԽ-ն «Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», սակայն, ըստ էության, փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար, փաստացի չեն կատարում իրենց լիազորությունները։ Տպավորություն է, որ իշխանությունները վերջնականապես համակերպվել են այն իրավիճակի հետ, ինչն այժմ առկա է։

Դրա համար էլ հակառակորդն զգում է, որ ինչ անում է, հանգիստ մարսում է, հետևաբար և աստիճանաբար անցնում է նոր սադրանքների։ Այդպես հակառակորդը կարող է շատ հանգիստ մաքսակետեր դնել ՀՀ տարածքում, ինչպես արեց Կապան-Գորիս ճանապարհին, հետո անցնել հրադադարի ռեժիմի ավելի ինտենսիվ խախտմանը, ապա նոր առաջխաղացման կամ ներխուժման փորձեր ձեռնարկել և այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները, կարծես թե, լիովին անգործունակ են դարձել, որովհետև չեն տիրապետում իրավիճակին։ Սյունիքի՝ սահմանամերձ դարձած հատվածում գործընթացներ են տեղի ունենում, թշնամին փորձում է առաջխաղացում արձանագրել, իսկ պաշտոնական մարմինները լռում են, կամ արդեն ստանդարտ դարձած հանգստացնող հայտարարություններ են տարածում։

Ավելին, ՊՆ-ն կիսահերքող ինչ-որ տեքստ է հրապարակում, իսկ ԱԽ-ն միայն հաջորդ օրը հաստատում է, որ «ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ», ապա ուշագրավ հավելում անում, որ «ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»: Փաստորեն, հայելայինն սկսել է «գործել»: Իսկ մինչ այդ, հայ հանրությունը ստիպված է լինում ադրբեջանական մամուլից կամ տելեգրամյան ալիքներից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բարոյական առումով ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել հայկական բանակը, ինչ դիրք է զիջել, ինչքան է թշնամին առաջացել և այլն։

Իսկ ընդհանրապես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ առանց փաստաթղթավորման պարզապես իրականացնում է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց: Այլ կերպ չես անվանի այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին, ինչպես նաև ԱԽ հայտարարության այս հատվածը. «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ, և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն»: Ավելի պարզ լեզվով դժվար է զիջումներ կատարել, համակերպվել առկա վիճակի հետ, մի խոսքով, «ոտքի վրա» Ադրբեջանի ուզածով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել: Վաղն էլ գուցե արթնանանք, ու պարզվի, ոչ Ադրբեջանն արդեն կապ ունի Թուրքիայի հետ, անունը «միջանցք» դնեք, թե պարզապես ճանապարհ: Սրան զուգահեռ ծանր վիճակում են հայտնվում Սյունիքի՝ նշյալ հատվածի պատճառով մեկուսացման մեջ հայտնված գյուղերը։

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե «Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ», փաստացի այդ գյուղերի բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքներն ապահովված չեն, իսկ նշյալ հայտարարությունը համանման է պատերազմի օրերին թմբկահարվող «հաղթելու ենք»-ին։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ այն պայմաններում, երբ պետությունը չի կարողանում այդ համայնքների բնակիչների առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը լուծել, դրանք ժամանակի ընթացքում ուղղակի կարող են դատարկվել։

Իսկ թուք-ադրբեջանական տանդեմի նպատակը հենց այն է, որ Սյունիքն աստիճանաբար դադարկվի, ու դրա արդյունքում ադրբեջանական վերահսկողություն հաստատվի այդ տարածքների վրա։ Այսպիսի իրավիճակում, երբ ապաշնորհ իշխանություններն ընդունակ չեն անվտանգության հետ կապված որևէ հարց լուծել, այլ ել ք չի մնում, քան նրանց ամբողջական հեռացումը, որպեսզի կարելի լինի փրկել այն, ինչ դեռ կորսված չէ վերջնականապես:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ