Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:
Ելնելով իրավիճակից՝ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը