13 11 2021

Արցախը հատուկ հոգածության կարիք է զգում․ «Փաստ»

Արցախը հատուկ հոգածության կարիք է զգում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է բոլոր ջանքերը ներդնել Արցախյան հիմնահարցի միակողմանի լուծման նպատակով։ Իրենց առաջին նպատակադրումը, որը վերաբերում էր Արցախի տարածքների մեծ մասի բռնազավթմանը, Թուրքիան և Ադրբեջանը լուծեցին ռազմական գործողությունների միջոցով։ Սակայն թուրք-ադրբեջանական նպատակադրումները սրանով չեն ավարտվում, և երկրորդ փուլով արդեն նախատեսում են, որ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ ստանալուն զուգահեռ Բաքուն պետք է հնարավորություն ձեռք բերի ներթափանցել Ստեփանակերտ։ Ու եթե հաշվի ենք առնում ներկա իրադարձությունների ընթացքը, ապա հեռու չէ թվում այն օրը, երբ ադրբեջանցիները կսողոսկեն այն տարածք, ինչ մնացել է Արցախից։

Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը, չնայած Արցախում ռուս խաղաղապահների առկայությանը, տարբեր սադրանքների է դիմում։ Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, կրակում խաղաղ բնակիչների ուղղությամբ, վնասում ենթակառուցվածքները և այլն։ Պատահական չէ նաև, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր խողովակներով սպառնում են արցախցիներին։ Այսպիսի գործելակերպի նպատակն այն է, որ իրենց ապագան Արցախում տեսնող մարդիկ կորցնեն անվտանգության զգացումը, նրանց մոտ վախի մթնոլորտ ստեղծվի, ու նախընտրեն Արցախից հեռանալ։

Իսկ Արցախի հայաթափման արդյունքում Ադրբեջանն իր վերահսկողությունը կհաստատի այդ տարածքի նկատմամբ ու հարցը կփակի։ Բացառված չէ, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շրջանակներում որոշ ժամանակ անց Արցախում արդեն հայախոս ադրբեջանցիներ հայտնվեն ու տարբեր սադրանքների դիմեն։ Մանավանդ որ Արցախի բնակավայրեր ներխուժելու փորձեր արդեն իսկ գրանցվել են։ Օրինակ՝ այս տարվա ամռանը ադրբեջանցի մի զինծառայող մուտք էր գործել Մարտակերտում գտնվող բնակարաններից մեկը ու անգամ սնունդ պահանջել։ Այս համատեքստում պատահական չէ, որ հայերեն սովորելու հետ կապված Ադրբեջանում մեծ պահանջարկ է նկատվում։ Բաքվի կողմից վարվող քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ ոչինչ չպետք է բացառել՝ անգամ այն, որ Ադրբեջանը սահմանին մաքսակետեր տեղադրելու ու գումար գանձելու անվան տակ կարող է հանկարծակի փակել Լաչինի միջանցքը, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել լիակատար շրջափակման ու մեկուսացման մեջ։

Ուստի այսպիսի իրավիճակում Արցախը հատուկ հոգածության կարիք է զգում, և Հայաստանը պետք է ուշիուշով հետևի ու արձագանքի Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ պատրաստ լինելով ցանկացած զարգացումների, ցանկացած սցենարի՝ անգամ ռազմական միջամտության։ Մյուս կողմից էլ՝ այս համատեքստում շատ կարևոր է համարժեք դիվանագիտական աշխատանքը։ Ուղղակի անհրաժեշտություն է կոնկրետ դեպքերով միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելուն միտված Ադրբեջանի քայլերի հաջորդականությունը և, ըստ այդմ, հիմնավորել, որ հիմնահարցի ցանկացած լուծում պետք է նախատեսի Արցախի ցանկացած կարգավիճակ միայն Ադրբեջանի կազմից դուրս։ Բացի այդ, չպետք է աչքաթող անել Արցախի հայկական մշակութային ժառանգության հարցը։

Եթե միջոցներ չձեռնարկվեն Ադրբեջանի բարբարոսությունները զսպելու ուղղությամբ, ապա ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված մշակութային բոլոր արժեքները կարող են արժանանալ Ջուղայի խաչքարերի ճակատագրին։ Բայց, չգիտես ինչու, Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված հանցագործությունների դետալայնացված բարձրաձայնման խնդիրն ամբողջությամբ իր վրա է վերցրել միայն ՄԻՊ-ը, ինչը բավարար չէ։ ՀՀ իշխանությունները, կարծես, փոխարենը փորձում են հաճոյանալ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ներկա պահին Արցախի անվտանգության խնդիրը պահանջում է առաջ մղել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրման օրակարգը և այն ներմուծել ռուսական կողմի ու հատկապես միջնորդների բառապաշար։

Բայց նմանատիպ խնդիրներով զբաղվելու փոխարեն, իշխանությունները կենտրոնացել են բացառապես հումանիտար հարցերի վրա՝ շինարարություն, բնակիչներին տրամադրվող օգնություն և այլն։ Իհարկե, հումանիտար հարցերը կարևոր են, սակայն Արցախի անվտանգության երաշխիքներով ո՞վ պետք է զբաղվի։ Ճիշտ է՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են, բայց դա բավարար չէ, Հայաստանը պետք է խաղաղապահների հետ համահունչ աշխատի, որպեսզի Ադրբեջանը չկարողանա թուլացնել ու հայաթափել Արցախը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ