28 10 2021

Ինչպես է Հայաստանում «հուղարկավորվում» ժողովրդավարությունը. «Փաստ»

Ինչպես է Հայաստանում «հուղարկավորվում» ժողովրդավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Տարօրինակ ժամանակներում ենք ապրում, երբ ժողովրդավարության անվան տակ աննախադեպ ծավալներով ու մեթոդներով սահմանափակվում է հենց նույն ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանը իր ողջ պաշտոնավարման ընթացքում փորձել է իրեն ներկայացնել որպես ժողովրդավարության և խոսքի ազատության ջատագով ու այդ բրենդով հանդես գալ նաև արտերկրում։ Բայց եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբում հանրության շրջանում ինչ-որ հույսեր կային, թե Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական արժեքների ու խոսքի ազատության ուղղությամբ, ապա այդ հույսերը գլխիվայր են շրջվել։

Ժամանակը ցույց տվեց, որ «թավշյա հեղափոխության» ու ժողովրդավարության անվան տակ Փաշինյանի իշխանությունը միայն ատելություն և թշնամանք է սփռում, որի արդյունքում հասարակությունը բաժանվում է տարբեր սեգմենտների՝ սևերի ու սպիտակների, հների ու նորերի, յուրայինների ու «թշնամիների» և այլն, և այլն։ Իհարկե, Փաշինյանն ու մյուս իշխանականները կարող են իրենց թույլ տալ իրական կյանքում և սոցցանցերում ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով վիրավորել, հայհոյել, զրպարտել իրենց քաղաքական մրցակիցներին, մուրճ ճոճել ու պիտակավորել մարդկանց։

Սակայն այն, ինչ իրենց կարելի է, դրա անգամ կեսը չի կարելի ընդդիմությանն ու ընդդիմախոսներին։ Երբ խոսքն արդեն վերաբերում է իշխանություններին քննադատելուն, ընդ որում՝ առանց հայհոյանքների, իշխանությունը կիրառում է ցանկացած գործիքակազմ՝ սահմանափակելու խոսքի ազատությունը, այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ հորինում, որ դրանով միայն իրենց պաշտպանեն և հարկ եղած դեպքում օրենքը մահակ դարձնեն իրենց հասցեին թթու խոսք ասողներին ու քննադատության ենթարկողներին ճնշելու համար։

Եվ պատահական չէ, որ անգամ մի շարք միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ ևս իրենց մտահոգությունն են հայտնել, օրինակ՝ «ծանր վիրավորանքի» հոդվածի կիրառման կապակցությամբ։ Սակայն դա իշխանությունների գործելակերպի վրա չի ազդում, նրանք շարունակում են իրենց ավանդական գործելակերպը։ Իսկ երբ ընդդիմադիրներից մեկն ինչ-որ արտահայտություն է անում, օրինակ՝ հայտարարում է, թե Արցախն ուրացողը դավաճան է, ապա պարզվում է, որ նա «հանցանք» է կատարել, պետք է հրավիրել ԱԱԾ հատուկ պահպանության ծառայության «զինված գնդին», որպեսզի քաշքշելով ԱԺ ամբիոնից հեռացնեն պատգամավորին։ Այնինչ, ժողովուրդը պատգամավորներին, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանական, քվե է տվել, որպեսզի նրանք ելույթներ ունենան, դիրքորոշումներ արտահայտեն ու ներկայացնեն հասարակության ներսում առկա խնդիրներն ու տրամադրությունները։ Ու ոչ ոք իրավունք չունի սահմանափակել նրանց այդ իրավունքը, կարելի է ասել՝ նույնիսկ պարտականությունը:

Հենց նույն Նիկոլ Փաշինյանը իշխանությունը վերցնելուց առաջ ԱԺ ամբիոնից և ընդհանրապես ինչպես ցանկացել, ինչպիսի բառապաշարով ցանկացել, այնպես էլ արտահայտվել է ու որոշ դեպքերում էլ ակնհայտ հերյուրանքներ է տարածել, սակայն նրան ԱԺ ամբիոնից չեն հեռացրել, նրան չեն քաշքշել ԱԺ ամբիոնի մոտ։ Եվ ընդհանրապես, ԱԺ-ում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելու նպատակով երբեք «հատուկջոկատայիններ» չեն պահվել։ Ու սա՝ նույն նախկին իշխանությունների օրոք, որոնց ժամանակ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե ժողովրդավարությունը վտանգի տակ է։

Այնինչ, ներկայումս ստացվում է, որ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանություններն ամբողջովին «հուղարկավորում» են անգամ ժողովրդավարության վերջին մնացորդները։ Կամ՝ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն, օգտվելով իր խոսքի ազատության իրավունքից, ազատորեն ինչի մասին ասես, ում մասին ասես օդից կախված տարբեր լուրեր էր շրջանառում, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում նրան պատժել դրա համար։ Իսկ հիմա նույնիսկ լրատվամիջոցներն իրավունք չունեն հղում կատարել անանուն աղբյուրներին։

Ահա վառ օրինակ, թե ինչպես կարելի է ոչնչացնել խոսքի ազատության իրավունքը։ Ինչ վերաբերում է «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտությանը, ապա վստահ ենք, որ ցանկացած արժանապատիվ, մտածող, հայրենասեր հայ ևս կարծում է, որ այն մարդիկ, ովքեր ուրանում են և կուրանան Արցախը, իրականում դավաճան են, ովքեր էլ նրանք լինեն, քանի որ առանց Արցախի Հայաստանը չի կարող ապագա ունենալ։ Սակայն զարմանալին այն է, որ իշխանությունները մի տեսակ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ Արցախը ԱԺ ամբիոնից պաշտպանում են, ինչը լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Տեսնես ինչո՞վ են պայմանավորված նրանց ֆոբիաները։

Հ.Գ.- Ի դեպ, ուշագրավ է, հատկապես արևմտյան ֆինանսավորմամբ, այսպես կոչված, «իրավապաշտպանների» և ժողովրդավարության իբր «ջատագով» ՀԿ-ների պահվածքը, որոնք «նախկինների» ժամանակ աշխարհացունց աղմուկ կբարձրացնեին ամենաչնչին միջադեպի հետ կապված, այնինչ իշխանափոխությունից հետո թաքնվել են իրենց պատյաններում և ծպտուն անգամ չեն հանում ժողովրդավարության նույնիսկ ամենակոպիտ ոտնահարումների դեպքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ