19 10 2021

Մեղավորների փնտրտուքը սկսվել է․ «Հրապարակ»

Մեղավորների փնտրտուքը սկսվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

Մեր աղբյուրը պատմեց, որ վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել:

Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, եւ նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ․ ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում։ Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական, որի էջում գրված է, թե ինքը Թալինի ՋՕԸ-ում է աշխատում, եւ ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի եւ այլոց։ Մի քանի ժամ անց, սակայն, այս օգտատիրոջ «լայվն» արդեն հեռացված էր Ֆեյսբուքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ