13 10 2021

Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով. Հովիկ Աղազարյան. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով. Հովիկ Աղազարյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Ջերմուկ քաղաքի ղեկավարի պարտականությունները Վահագն Արսենյանը կկատարի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, իսկ այսօր Հանրապետականի որդուն մի ամբողջ համայնք է վստահում»,- «Ժողովուրդը» հարցրեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Պատգամավորը նշեց, որ նշանակման մեջ որեւէ արտառոց բան չկա: Ըստ նրա՝ ոչինչ քարացած չէ, անցյալի վրա էլ խաչ քաշել պետք չէ: «Եթե մարդը Հանրապետական կուսակցության անդամ է եղել, ապա չի նշանակում, թե այլեւս երբեք հասարակական-քաղաքական կյանք չպետք է վերադառնա: Ես ո՛չ Արսենյանին, ո՛չ նրա որդուն եմ ճանաչում, բայց եթե մարդ կառավարչական բավական փորձ ու հմտություններ ունի, ապա նրա կուսակցական լինելը քննարկման հարց չէ: Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով»,- ընդգծեց պատգամավորը:

Վահագն Արսենյանը, հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի՝ դեռեւս 2019թ.-ի տրամադրած տեղեկության՝ զինծառայությունից ազատվելու պատճառով քրեական գործով էր անցնում: Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Հատկանշական է, որ քրգործը հարուցվել է 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ Փաշինյանի իշխանության ժամանակ, այժմ, փաստորեն, նույն Փաշինյանի իշխանությունը բանակից խուսափած անձին համայնքի ղեկավար է կարգում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ