23 09 2021

Ընդդիմության առաջարկը խլել են․ «Հրապարակ»

Ընդդիմության առաջարկը խլել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել էր՝ ստեղծել հանձնաժողովականներից բաղկացած աշխատանքային խումբ, որը ԶՈՒ եւ ԱԱԾ թույլտվությամբ կայցելի ՀՀ առաջնագծի երկայնքով տեղակայված ուղեկալներ, դիրքեր, կուսումնասիրի դիրքերի կահավորվածության աստիճանը եւ եզրակացություն ու առաջարկների փաթեթ կներկայացնի՝ նպաստելով պետության անվտանգության բարձրացմանը:

Սակայն շաբաթներ են անցել, իսկ իշխանությունը չի արձագանքել այդ առաջարկին, ավելի ճիշտ՝ լռելյայն մերժել է: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պետության անվտանգության խնդիրները միայն ընդդիմադիրներին են հուզում, երեկ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում ընդդիմադիրներին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Սյունիքում տիրող իրավիճակի, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհի խնդիրների ուսումնասիրության հարցով:

Առաջարկել է մեկնել Սյունիք, քննարկել եւ հասկանալ իրավիճակը: Ասել է, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին արդեն գործուղել են, վերադառնալուն պես կփոխանցի նախնական ինֆորմացիա: Սակայն ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես ոգեւորված չեն այդ առաջարկով, քանի որ կողմնակից են «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկին` ՀՀ սահմանի ողջ երկայնքով դիտարկում իրականացնելու:

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե մեծ թափով կահավորում են առաջնագիծը, պարզապես տեսանելի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ