«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։ Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն, ըստ էության, այս աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ երեկ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները:
«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները երկիր մուտք գործելիս եւ դուրս գալիս ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաեւ պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասված է ադրբեջանական հաղորդագրությունում: Նշենք, որ ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար: Այս կապակցությամբ դեռեւս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա, եւ ոչ երկիմաստ կերպով ասվել էր, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ ուղիղ մեղադրանքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կա՛մ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ սրանք տեղային դրվագներ են, որոնք կարող են կրկին տեղի ունենալ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հարցերը լուծված չեն։ «Արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ, սակայն սա արդեն այլ հարց է եւ կապված է սահմանագծման աշխատանքների հետ: Նրանք արդեն չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը եւ որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ», – նշեց Եվսեեւը: Նրա խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները եւս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար:
Հավելենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին ԱԱԾ տնօրենին եւ մի շարք պետական այլ գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել խորհրդարան, քննարկել հարցը, եւ չնայած իշխանությունների կողմից դրական ազդակներ եղան, սակայն երեկ այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը