24 08 2021

ՔՊ-ում գումար են հավաքել, որ Փաշինյանի նկարը մեծացնեն, կախեն պատից. «Հրապարակ»

ՔՊ-ում գումար են հավաքել, որ Փաշինյանի նկարը մեծացնեն, կախեն պատից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի թիմում անշեղորեն գնում են վարչապետի անձի պաշտամունքի ձևավորման ուղղությամբ։ Մերօրյա «Անասնաֆերմայի» «բնակիչները» հրահանգ են ստացել՝ իրենց աշխատասենյակներում կախել վոժդի լուսանկարը։ Տեղեկություն ստացանք, որ ԱԺ-ում 71 հատ Փաշինյանի լուսանկար են ստացել՝ բոլոր ՔՊ-ական պատգամավորների համար։

Առաջին ծիծեռնակներից մեկը Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով դեռ օրեր առաջ էր կախել պաշտելի վարչապետի լուսանկարը, և Արման Բաբաջանյանի խմբին ընդունելու հաղորդագրության մեջ այն հպարտորեն երևում էր պատին, ինչն օրեր առաջ արձանագրել էր «Հրապարակը»։

Մեր հրապարակումը համացանցում մեծ աղմուկ առաջացրեց, և բոլորը հիշեցին, թե ժամանակին ինչպես էր նա դատապարտում Սերժ Սարգսյանի լուսանկարը կաբինետներում կախելու ավանդույթը։ Տարիներ առաջ հենց ինքը՝ Փաշինյանն էր պայքարում այդ երևույթի դեմ, իսկ իր թիմակից Դավիթ Սանասարյանն ուղղակի լուսամուտից դեն էր նետում Սերժի լուսանկարը՝ համընդհանուր օվացիաների արժանանալով։ Հիմա կառավարությունից իջած հրահանգով, իր իսկ թիմակիցներն են պարտավոր՝ օրենսդիր աշխատանքով զբաղվել իր վերահսկող հայացքի ներքո։ Մենք հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմից, թե արդյոք իրե՞նք են պատվիրել Փաշինյանի լուսանկարը պատգամավորների համար, որքա՞ն գումար են ծախսել դրա դիմաց, սակայն աշխատակազմից ասացին՝ իրենք նման գնում չեն կատարել։

Ավելի ուշ մեզ ասացին, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն իրենք են իրենց միջոցներով փող հավաքել և ձեռք բերել իրենց «դեմոկրատ» առաջնորդի լուսանկարը, որ ստալինյան մոտիվներով կախեն իրենց գլխավերևում։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, օրինակ, ասաց, որ ինքը դեռ չի ստացել Նիկոլ Փաշինյանի լուսանկարից, որ կախի իր սենյակում, բայց որ ստանա, դեմ չի լինի կախել։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ գումար են հավաքել՝ նկար գնելու համար, Աղազարյանը, որպես ամենաճշմարտախոս պատգամավոր, չկարողացավ ստել և ասաց․ «Մենք միշտ գումար հավաքում ենք ընթացիկ ծախսերի համար, և այդ գումարները ծախսվում են տարբեր նպատակների համար»։

– Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, Դուք կկախե՞ք Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Ձեր գլխավերևում։

– Ես պիտի իմանամ, թե դա ինչ որոշում է, ով է որոշել։

– Դե, Քոչարյան Անդրանիկն արդեն կախել է իր գլխավերևում, պատգամավորներն էլ դեմ չեն, ասում են՝ ի՞նչ կա որ։

– Դե, բոլոր դեպքերում, ես պատրաստ չեմ էդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ։ Ես մամուլից եմ իմացել, իմ գործընկերների հարցազրույցներն եմ տեսել էդ թեմայով, հիմա ես պատրաստ չեմ էդ հարցերին պատասխանել։

– Իսկ չե՞ք մտածում, որ կարող է Նիկոլ Փաշինյանին դա դուր չգալ, բա որ ասի․ «Ես հո Կիմ Չեն Ընը չեմ կամ Լուկաշենկոն, կամ Սերժ Սարգսյանը, ի վերջո, որ իմ նկարը կախում եք ձեր կաբինետներում, ինձ ո՞ւմ տեղն եք դրել»։

– Ես իր փոխարեն չեմ կարող պատասխանել։

– Բայց նորմա՞լ եք համարում դա, պարոն Աղազարյան, չէ՞ որ ժամանակին Փաշինյանն էր պայքարում այդ երևույթի դեմ։

– Քանի դեռ չունեմ տեղեկատվություն, չեմ կարա պատասխանեմ էդ հարցին, գնահատական չեմ կարա տամ։

– Բայց գնահատական Նիկոլ Փաշինյանն էր տվել դեռ այն ժամանակ, երբ ասում էր՝ Սերժ Սարգսյանի նկարը չի կարող լինել պաշտոնյաների կաբինետներում, այդ թվում՝ քննիչների, դատախազների։

– Չէ, քննիչներն ուրիշ են, քաղաքական գործիչներն ուրիշ են։

– Բայց Դուք էլ անկախ մարմնի պատգամավոր եք, չէ՞։

– Ուրեմն պիտի էդ հարցերը քննարկվեն, որ իմանանք՝ մենք որտեղ ենք գտնվում։

– Պարզապես, ինչի դեմ որ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, այսօր այդ նույնն ինքն է կրկնում։

– Դե, Դուք վերլուծություն պիտի անեք, եթե գտնում եք, որ դա նույնական ա, ուրեմն Ձեր գնահատականը պիտի տաք։

– Իսկ գուցե Փաշինյանը տեղյա՞կ չէ, որ իր նկարը պատգամավորները որոշել են կախել իրենց կաբինետներում, գուցե վիրավորվի՞ դրանից, որ Կիմ Չեն Ընի տեղն եք դրել իրեն։

– Կիմանանք առաջիկայում էդ մասին, բնականաբար։

– Ասացիք՝ ամեն ամիս խմբակցության ընթացիկ ծախսերի համար գումար եք հավաքում, կասե՞ք՝ որքա՞ն գումար եք հավաքում։

– 5 հազար դրամ՝ ամեն մեկս։

– Իսկ ի՞նչ ծախսեր եք ունենում, ինչի՞ վրա է ծախսվում այդ գումարը։

– Տարբեր ծախսեր են լինում, երբեմն-երբեմն ընդունելություններ են լինում, որը նախատեսված չէ պրոտոկոլով, որ պահանջում է ֆինանսական ծախսեր։ Հիմնականում ծախսվում է դրա վրա։

– Ձեր աշխատասենյակում որևէ նկար կա՞ փակցված, օրինակ՝ Ձեր սիրելի դերասանուհու կամ երգչուհու։

– Չէ, իմ սենյակն աշխատանքային սենյակ ա՝ շատ հասարակ, և ոչ մի նկար չկա էս պահին։

– Իսկ հնարավո՞ր է հրաժարվեք Նիկոլ Փաշինյանի նկարը կախելուց։

– Եթե դա լինի խմբակցության հավաքական դիրքորոշումը, որ պետք է կախել, ես չեմ հրաժարվի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ